Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ:
Նա մասնավորապես ընդգծել է, որ հուլիսի 4-ի խորհուրդը վաղուց հատել է բուն ԱՄՆ սահմանները և դարձել անկախության համար մղվող հաղթական պայքարի խորհրդանիշ, իսկ սահմանված պետականաշինության գաղափարները վաղուց ի վեր օրինակ են դարձել ժողովրդավարության ուղին որդեգրած աշխարհի բազմաթիվ երկրների համար:
«Երկու տարուց ի վեր Հայաստանի իշխանությունները շարժվում են համապարփակ ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման ճանապարհով: Այն պետք է հանգեցնի ժողովրդավարության և օրենքի գերակայության վերջնական հաստատմանն ու անշրջելիությանը մեր երկրում: Կոռուպցիայի դեմ պայքարն ու դատաիրավական համակարգի բարեփոխումներն այս առումով առաջնային տեղ են զբաղեցնում մեր այսօրվա օրակարգում»,-նշել է նա։
Փաշինյանն իր երախտիքի խոսքն է ուղղել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների նկատմամբ ԱՄՆ ցուցաբերած զորակցության և ֆինանսական ու տեխնիկական աջակցության համար: «Բարձր ենք գնահատում նաև այս օրերին աշխարհը պատուհասած համաճարակի դեմ պայքարի համար Ձեր վարչակազմի կողմից Հայաստանին տրամադրվող օժանդակությունը»,-նշել է նա։
Վարչապետը նշել է նաև, որ այս տարի նշում ենք Հայաստանի առաջին հանրապետության և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյա տարեդարձը: «Պատմական այս նշանակալից փաստը, հիրավի, առանձնահատուկ զգացմունքային երանգ և բովանդակություն է հաղորդում մեր գործընկերությանը: Ընդհանուր ժողովրդավարական արժեքների հետ միասին այն ամուր հենք է ստեղծում մեր երկու երկրների բարեկամության հարատև զարգացման և առաջընթացի համար:
Թույլ տվեք մեկ անգամ ևս շնորհավորել Ձեզ ու Ամերիկայի բարեկամ ժողովրդին` մաղթելով խաղաղություն, բարօրություն և շուտափույթ հաղթանակ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում»,-ամփոփել է վարչապետը։