Հայկական կողմերը, Արցախն առավել քան վճռական է պաշտպանելու իր անվտանգությունը, իր կյանքի իրավունքը, իր ազատությունը։ Այս մասին Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Հայաստանը եղել և մնում է Արցախի անվտանգության և ազատության միակ երաշխավորողը։ Ե՛վ Հայաստանը, և՛ Արցախը բավարար ներուժ ունեն՝ պաշտպանելու, պաշտպանվելու, և սպառնալիքների լեզուն խստորեն մերժված է հայկական կողմերի կողմից։ Մեզ համար առանցքային է մնում մեկ բան․ 1994 թ․ զինադադարի և զինադադարի պայմանագրի պահպանումը մնում են կարևորագույն պահանջներից մեկն այս գործընթացում»,- ընդգծել է Մնացականյանը՝ նշելով, որ սա շահագրգռվածություն է բոլոր կողմերի համար։
ԱԳ նախարարը շեշտել է, որ հայկական կողմերն առավել քան պատրաստ են պաշտպանելու և պաշտպանվելու, բայց զինադադարն անհրաժեշտ պայման է՝ խաղաղ գործընթացի շրջանակներում արդյունավետորեն առաջ շարժվելու համար։
«Հայկական կողմերը նույնպես պատրաստ են և ամբողջ ներուժով իրենց աշխատանքները իրականացնում են պաշտպանությունը ամրապնդելու առումով: Սա շարունակական ու մշտական գործընթաց է և մեզ հնարավորություն ու վստահություն է տալիս պնդելու, որ զինադադարը բոլորի շահագրգռվածությունն է ոչ թե միայն մեզ, այլ բոլորի համար։
Սա պատասխանատվության հարց է, և միայն նման պայմաններում է հնարավոր ակնկալել ռեալ արդյունավետ առաջխաղացում գործընթացում։ Մեկ ձեռքով կրակել, մյուս ձեռքով բանակցել. նման բանաձևն արդյունավետ և ընդունելի չէ և մերժվում է»,- նշել է Զոհրաբ Մնացականյանը։