«Հրապարակ» օրաթերթ
- Թերթի փոխանցմամբ՝ «Լուսավոր Հայաստանը» որոշել է իր կորցրած մանդատի հարցով մինչև վերջ գնալ։ Երեկ կուսակցությունը ԿԸՀ որոշման վերաբերյալ հայց է ներկայացրել վարչական դատարան։ Հիշեցնենք․ նախօրեին ԿԸՀ-ն մերժեց ԼՀԿ պահանջը՝ վերականգնել խմբակցության 18-րդ մանդատը, որը խմբակցությունը կորցրեց պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ իրենց շարքերից հեռանալուց հետո: ԿԸՀ-ն արձանագրեց․ չկան իրավական հիմքեր, ըստ որոնց՝ հնարավոր է վերականգնել որևէ խմբակցության մանդատ, եթե պատգամավորներից մեկը լքել է խմբակցությունը, սակայն վայր չի դրել մանդատը։ Մինչդեռ ԼՀԿ-ում կարծում են, որ օրենքով սահմանված՝ ԱԺ պատգամավորների մանդատների մեկ երրորդն այս պահին չի պատկանում ընդդիմադիր խմբակցություններին, և դա վերականգնելը ԿԸՀ-ի գործառույթն է։ ԼՀԿ-ն օրացուցային 3 օր ուներ՝ բողոքարկելու ԿԸՀ որոշումը։ Թերթի տեղեկություններով, եթե վարչական դատարանն էլ չբավարարի հայցը, ԼՀԿ-ն կդիմի հաջորդ քայլին՝ կբողոքարկի նաև վարչականի վճիռը, կսպառի բոլոր ընթացակարգերը և կդիմի ՍԴ։
- Թերթը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն հարցում է արել՝ Սուրեն Պապիկյանից փորձել է ճշտել, թե որքան ժամանակով է կանգնել ատոմակայանը, երբ այն վերանորոգված կլինի, և ոմանք պնդում են, որ հնարավոր է ատոմակայանն այլևս չաշխատի։ «Աշխատանքները կտևեն 65 օր, ատոմակայանն էներգացանցին կմիանա սեպտեմբերի 3-ին. այլևս չաշխատելու պնդումները չեն համապատասխանում իրականությանը»,- պատասխանել են նախարարությունից: Ո՞վ է իրականացնում ատոմակայանի վերանորոգումը, որքա՞ն միջոց է հատկացված վերանորոգմանը, ի՞նչ միջոցներ են։ «Վերանորոգմանը մասնակցում են հայկական, ուկրաինական, խորվաթական, չեխական, ռուսական ընկերություններ, այդ թվում և` «Ռոսատոմ սերվիս» ընկերությունը, «Ռոսատոմ սերվիսի» հետ կնքել ենք 40,225 մլն ԱՄՆ դոլարի պայմանագիր. աշխատանքներն իրականացվում են սեփական և ՀՀ բյուջեից ներգրավված միջոցների հաշվին»: Ռուսական վարկի մերժումն ազդեցություն չի՞ թողնի ատոմակայանի վերանորոգման աշխատանքների և ժամկետների վրա։ «Ֆինանսական աղբյուրի փոփոխությունն ազդեցություն չունի աշխատանքների իրականացման վրա, աշխատանքներն իրականացվում են ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման 2020-2022թթ․ միջոցառումների ժամանակացույցին համաձայն»:
«Ժողովուրդ» օրաթերթ
- Դեռևս 2020 թվականի հունիսի 11-ին օրաթերթը մի քանի հարց էր ուղարկել ՀՀ առողջապահության նախարարություն, և երեկ՝ հարցումից 30 օր անց, ստացել է հարցման պատասխանը, սակայն առանց էական պատասխանների: Թերթը ՀՀ առողջապահության նախարարությունից փորձել է պարզել, թե մինչև օրս որքան հավելավճար, պարգևավճար են ստացել կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացին միացած բուժաշխատողները (բժիշկներ, բուժքույրներ, վարորդներ բուժակներ), և որքան գումար են ստացել հյուրանոցների պատասխանատուները, որոնք սպասարկել են և հետևել մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներին կարանտինի ժամանակ: Հետաքրքրվել է նաև, թե որքան գումար է հատկացվել 1 անձի համար՝ բուժում սնունդ, գիշերակաց և այլն: Եվ, ահա, ըստ թերթի, այս հարցումից 30 օր անց Առողջապահության նախարարությունն այդպես էլ չի կարողացել հստակ պատասխանել այս հարցադրումներին և թվեր ներկայացնել: Այս հարցերին ի պատասխան՝ Առողջապահության նախարարությունից միայն երկու թիվ են նշել. նախ նրանք նշել են, որ կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման ապահովման նպատակով պարգևատրման ֆոնդերը հունիսի 1-ի դրությամբ կազմել են 687 մլն 518 հազար դրամ, իսկ մեկուսացման գործընթացի կազմակերպիչների ամսական վարձատրությունը կազմել է 150-ից 300 հազար դրամ: Մյուս հարցերի վերաբերյալ նախարարությունը թվեր չի նշել։
«Ժամանակ» օրաթերթ
- Թերթի տեղեկությամբ՝ ««Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցների շրջանում լուրջ դժգոհություն է հասունանում։ Վերջերս աշխատակիցների հետ հանդիպում է եղել և նրանց զգուշացվել է, որ լուրջ կրճատումներ են սպասվում։ Եթե նախկինում մտադրություն կար ընկերության ամբողջ աշխատակազմից կրճատել մոտ հազար աշխատակցի, ապա ներկայումս այդ թիվը կրկնապատկվել է։ Ամեն վարչական շրջանում «Գազպրոմ»-ի գրասենյակների տարբեր բաժիններում թողնվելու են մեկ-երկու աշխատակից։ Թերթին պատմել են, որ յուրաքանչյուր գրասենյակի աշխատակազմը մոտ 50 տոկոսով նվազեցվելու է։ Իսկ նրանք, ովքեր չեն կրճատվելու և շարունակելու են աշխատել, նրանց աշխատավարձն էլ նվազեցվելու է 20 տոկոսով։ Ընկերությունից աշխատակիցներին որպես պատճառաբանություն ներկայացվում է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը»։
- «Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ: Նախագծով առաջարկվում է օրենքում ավելացնել այսպիսի հոդված. «Արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) կառավարման լիազորություններն անցնում են Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին (բացառությամբ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունների)՝ արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշմամբ սահմանված ծավալներով և լիազորությունների շրջանակով»: Այս փոփոխությունը ընդունվելու դեպքում արտակարգ դրության ժամանակ մասնավոր հիվանդանոցների կառավարումը դրանց սեփականատերերից կանցնի առողջապահության նախարարությանը»: