ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել Երևանին և Բաքվին անհապաղ դադարեցնել կրակը և զսպվածություն ցուցաբերել:
Նշվում է, որ հուլիսի 13-ին տեղի է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի առանձին հեռախոսազրույցները Հայաստանի արտգործնախարար Զ․Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Է. Մամեդյարովի հետ:
«Քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրումը: Լավրովը կողմերին կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել, զսպվածություն ցուցաբերել՝ հաշվի առնելով ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաջարկները», – ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված մեկնաբանության մեջ:
Ընդգծվում է, որ Ռուսաստանը կշարունակի կատարել իր միջնորդական առաքելությունը Բաքվի և Երևանի հետ շփումներում ինչպես իր ազգային կարողությունների, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահության շրջանակներում:
Բացի այդ, հաղորդագրության մեջ ասվում է, որ ռուսական կողմից կարևորում են այն, որ Մինսկի խմբի բոլոր անդամները պետք է պատասխանատու մոտեցում ցուցաբերեն ստեղծված իրավիճակի գնահատման և լրացուցիչ լարվածության աճ առաջացնող հայտարարություններից ու գործողություններից խուսափելու համար: