Հուլիսի 30-ին Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի օրակարգում Հայաստանի պատվիրակության նախաձեռնությամբ ներառվել էր «Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը և ռազմատենչ վարքագիծը որպես Հարավային Կովկասում ապակայունացնող գործոն» վերտառությամբ հարցը, հաղորդում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը իր ելույթի սկզբում ԵԱՀԿ մասնակից երկրներին տեղեկացրեց վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերի մասին, ինչի արդյունքում դիպուկահարի կրակից մահացու վիրավորում էր ստացել Հայաստանի զինված ուժերի մեկ զինծառայող, իսկ մեկ այլ զինծառայող վիրավորվել էր։
Այնուհետև դեսպանը տեղեկացրեց ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժություններ անցկացնելու վերաբերյալ Ադրբեջանի հայտարարության մասին: Դեսպան Պապիկյանը նաև ընդգծեց, որ Ադրբեջանի ղեկավարությունն արժեզրկում է լարվածության թուլացմանը և խաղաղ գործընթացի վերսկսմանն ուղղված միջազգային միջնորդների ջանքերը՝ կրելով ամբողջ պատասխանատվությունը ապակայունացման հետևանքների համար։
Անդրադառնալով Թուրքիայի դերին՝ դեսպանը նշեց, որ առանց այդ երկրի անվերապահ աջակցության Ադրբեջանն ի վիճակի չի լինի երկարատև ժամանակահատվածում Հայաստանի սահմանին պահպանել լարվածությունը։ Եվ այս նկատառումներից ելնելով՝ Հայաստանը ԵԱՀԿ մասնակից երկրների ուշադրությունն է հրավիրում Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությանը և ռազմատենչ պահվածքին՝ ուղղված մասնավորապես Հայաստանի և Հարավային Կովկասի տարածաշրջանի նկատմամբ ընդհանրապես։
Դեսպան Պապիկյանն անդրադարձավ նաև Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից հուլիսի 29-ին շրջանառած ԵՍԶՈւ պայմանագրի և Վիեննա փաստաթղթի շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվելիք տեսչական այցերին Թուրքիայի Հանրապետության տեսչությունների կամ հրավիրյալի կարգավիճակով թուրք տեսուչների մասնակցության հարցին։ Այս առումով դեսպան Պապիկյանը նշեց, որ Հայաստանը տարիներով ընդունել է նման տեսչական այցելությունները, որոնք հիմնականում անցկացվել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով։
Սակայն հաշվի առնելով Թուրքիայի ակնհայտ հակահայկական վարքագիծը, ինչպես նաև ստեղծված պայմաններում տեղեկատվության զգայունությունը Հայաստանի և Հայաստանի բնակչության անվտանգության ապահովման առումով, Հայաստանի Հանրապետությունը որոշում է կայացրել դադարեցնել ԵՍԶՈւ պայմանագրի և Վիեննա փաստաթղթի շրջանակներում Հայաստան թուրքական ռազմական տեսչական այցելությունները։