Այն, ինչ մենք լսում ենք Բաքվից, շատ տպավորիչ չէ, որովհետև հուլիսի 12-ից հետո առավել քան հստակ ի ցույց դրվեց, որ սպառնալիքի լեզուն, սպառնալիքի մեթոդը թե՛ հռետորաբանության մեջ, թե՛ գործողությունների մեջ Հայաստանի և Արցախի վրա չեն ազդում: Այս մասին Շանթ ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի ժամանակ ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Անդրադառնալով տավուշյան իրադարձություններին Թուրքիայի ներգրավվածության մասին հարցին՝ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ Թուրքիայի այս դիրքավորումը նպատակ ունի արտահանելու ապակայունացնող քաղաքականությունը Հարավային Կովկաս:
«Մենք դիմակայում ենք բոլոր հնարավոր միջոցներով և դիմակայելու ենք այն առումներով, որ Հարավային Կովկասի ապակայունացման որևէ փորձ տարածաշրջանի հարևանի կողմից մեզ համար անընդունելի է լինելու: Մենք այդ առումով օգտագործում ենք մեր ձեռքում եղած բոլոր հնարավոր գործիքները՝ թե՛ ազգային, թե՛ միջազգային մեր բոլոր ձևաչափերի ակտիվացման միջոցով»,- ասել է Մնացականյանը:
Պատասխանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունների մասին հարցին՝ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ համանախագահների դերակատարությունը համակարգված էր՝ հատկապես Ռուսաստանի Դաշնության համանախագահողինը. «ՌԴ ԱԳ նախարարի, Զինված ուժերի Գենշտաբի համակարգման միջոցով մեզ հաջողվեց ապահովել այն, ինչ մենք այսօր ունենք: Այսօրվա հիմնական նպատակը դեէսկալացիայի ապահովումն է, այն միջավայրի վերականգնումը, որի մասին մենք մշտապես խոսում ենք, որը նպաստում է բնականոն աշխատանքի և բանակցային գործընթացում առաջընթացի ապահովմանը»:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի նոր արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ շփումներին, ապա Զոհրաբ Մնացականյանը տեղեկացրել է, որ դեռևս առիթ չի ունեցել հանդիպելու նրան: «Ակնկալում եմ, որ գործ կունենամ կառուցողական և պատասխանատու անձի հետ, որի հետ ես կսկսեմ աշխատել»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը: