Ռուս լրագրող և մեդիամենեջեր, Russia Today միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հանդես է եկել նոր մեղադրանքներով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին. այս անգամ նա Հայաստանի կառավարության ղեկավարին մեղադրել է մանկուրտիզմի մեջ:
Սիմոնյանի զայրույթը առաջացրել է Փաշինյանի 15 տարվա վաղեմության հայտարարությունն այն մասին, որ հայերի նախնիները ցեղասպանությունից, նվաստացումներից ու դավաճանությունից բացի ոչինչ չեն թողել։
Մարգարիտա Սիմոնյանը հիշել է ցեղասպանությունը վերապրած իր նախատատին՝ նշելով, որ լավ է, որ նախատատը չգիտի, որ Հայաստանին ղեկավար են նշանակել մի մարդու, որը սրբին մեղադրում է «ցեղասպանության և անբարոյականության» համար:
«Հիմա ես հասկանում եմ, թե ինչու էր իմ գրառումն այդքան աղմուկ բարձրացրել Հայաստանում: Ես, իրոք, այն հանրության մասը չեմ, որը կարող է ուրախանալ այն մարդու իշխանությամբ, որն արհամարհում է հայոց մեծն պատմությունը, անիծում է նախնիներին և չի հարգում ցեղասպանության զոհերի հիշատակը:
Իմ նախատատը կթքեր նրա աչքերի մեջ: Ամո՛թ»,-գրել է Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ Մարգարիտա Սիմոնյանը հուլիսի 18-ին հանդես էր եկել խիստ քննադատությամբ Հայաստանի ղեկավարության հասցեին՝ մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրելով Հայաստանում հակառուսական տրամադրություններ բորբոքելու մեջ: Նրա գրառումը մեծ արձագանք է գտել Հայաստանում։
«Ի պատասխան երկարամյա բարիքի և պաշտպանության, որը դուք ստացել եք Ռուսաստանից, դուք չեք ճանաչել Ղրիմը։ Բացառապես քաղաքական վրեժխնդրությունից դուք բանտարկեցիք Ռուսաստանի անփոփոխ դաշնակից Ռոբերտ Քոչարյանին։ Դուք երկիրը ողողել եք հակառուսական ՀԿ-ներով, որոնք ձեր տարածքում երիտասարդներին սովորեցնում են, թե ինչպես տապալել իշխանությունը Ռուսաստանում: Դուք դարձել եք Կովկասում հակառուսական ուժերի հենակետ», – մասնավորապես գրել է Սիմոնյանը։
Ի պատասխան Փաշինյանը ՌԲԿ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Մարգարիտա Սիմոնյանի հայտարարությունը Հայաստանում կտրուկ բացասական արձագանք է առաջացրել:
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մեղադրանքներին՝ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում Ռուսաստանի դաշնակիցն ու գործընկերը հայ ժողովուրդն է, այլ ոչ թե կոնկրետ քաղաքական գործիչներ:
Ինչ վերաբերում է «հակառուսական» ՀԿ-ներին, ապա դրանք ստեղծվել և գործել են հենց Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք, երբ Ռուսաստանում ոչ ոք չէր կասկածում Հայաստանի կառավարության ռուսամետ ձգտումներին, հավելել է Փաշինյանը: