1․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է օգոստոսի 5-ին՝ չորեքշաբթի օրը, խմբակցության նիստ հրավիրել:
Ըստ աղբյուրների՝ նիստը թեժ է լինելու, քանի որ նախատեսվում է վերջնական հստակեցնել, թե Սահմանադրական դատարանի դատավոր Վահրամ Ավետիսյանի թեկնածությանը խմբակցությունն ինչպես պետք է քվեարկի: Բանն այն է, որ տարբեր պատգամավորներ խմբակցության ղեկավարությանն արդեն հայտնել են, թե դեմ են Վահրամ Ավետիսյանի թեկնածությանը, ու իրենք այդպես էլ քվեարկելու են: Եվ հենց դրանից հետո որոշում է կայացվել կրկին հավաքվել՝ հասկանալու, թե ինչպես պետք է վարվեն, ինչպես անել միասնական դիրքորոշում ունենալու համար: Թերթի տեղեկություններով՝ խմբակցության մի խումբ պատգամավորներ վատ են տրամադրված Վահրամ Ավետիսյանի նկատմամբ: Խնդիրն այն է, որ Վահրամ Ավետիսյանին առաջադրել են ՀՀ կառավարությունը ու իշխանական խմբակցության մի մասը՝ ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի լոբբինգով, նրանք, կարծես թե, մտադիր են երկու տարբերակ առաջարկել՝ կա´մ փոխել թեկնածուին, կա´մ իրենք դեմ են արտահայտվելու: Թե խմբակցության նիստում քննարկումներից հետո ինչ եզրահանգման կգան իմքայլականները, դեռեւս պարզ չէ:
2․ «Առավոտ» թերթը գրում է, որ մոտ երկու շաբաթ է՝ վրացական կողմը թույլ չի տալիս՝ ՌԴ-ից Հայաստան եկող բեռները սահմանը հատեն: Դրանք պայթուցիկ նյութեր են, որոնք օգտագործվում են արտադրական նպատակներով՝ հանքարդյունաբերությունում, ճանապարհաշինությունում և այլն: Ռուսական արտադրության պայթուցիկ նյութերով բեռնված մի քանի մեքենա Լարսում անցել են ռուսական կողմի բոլոր ընթացակարգերը, սակայն վրացական կողմն արգելում է դրանք Վրաստանի մաքսային սահմանով անցնել:
Այդ բեռները նախատեսված են հանքարդյունաբերական «Գեոպրոմայնինգ» եւ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքների համար: Aravot.am-ի հետ զրույցում այդ պայթուցիկ նյութերի արտադրությամբ զբաղվող «Պրոմսինթեզ» ռուսական խոշոր ընկերության արտաքին տնտեսական կապերի բաժնի ղեկավար Աննա Բատիկովան պատմեց, որ երկար տարիներ է, ինչ իրենց արտադրանքն արտահանում են Հայաստան՝ «Գեոպրոմայնինգ» և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի և հայկական այլ ընկերության համար: Այս տարի արդեն մոտ 40 մեքենա բեռ են ուղարկել, բեռներն, ըստ սահմանված կարգի, պետք է ուղարկվեն յուրաքանչյուր ամիս: Տիկին Բատիկովան ասաց, որ հուլիսի 1 6-ին եւ 24-ին բեռնել են մեքենաները, հասցրել Լարս, ոուսական կողմը հատել են, սակայն վրացական կողմում դրանք կանգնած են, այսինքն՝ ՌԴ-Վրաստան չեզոք հատվածում. «Մենք նամակներ ենք գրել Վրաստանի կառավարությանը, մաքսային ծառայությանը, որևէ պատասխան չենք ստացել, ոչ մի բացատրություն չեն տալիս, թե ինչու են բեռներն արգելում հասցնել Հայաստան: Ընդ որում, առաջին անգամ է նման բան պատահում: Մենք ամենախոշոր ընկերություններից մեկն ենք, երկար տարիների փորձ ունենք, և երկար տարիներ է Հայաստան բեռ ենք ուղարկել, երբեք խնդիր չի ծագել»:
3․ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը երեկ հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթը: Նախագծերի այս փաթեթով առաջարկվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 25 դատավորի թվակազմով, ընդ որում՝ նրանցից 20-ը կքննեն կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, իսկ 5-ը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա ներկայացված դիմումներից և հայցապահանջներից բխող գործերը: Սակայն փաթեթում տեղ գտած փոփոխություններն այսքանով չեն ավարտվելու, և նախագծերի ընդունման պարագայում բարեվարքություն կանցնեն նաև դատախազների թեկնածուները:
Ավելին, նախագծի հետ մեկտեղ նախարարությունը ներկայացրել է նաև այն ծախսերը, որոնք նախատեսված են լինելու: Այսպիսով, 2021-2023 թվականների համար աշխատավարձի, կոմունալ և գրասենյակային ծախսերը միասին կկազմեն 3 մլրդ 339 մլն 529 հազար դրամ, դատավորների տեխնիկական հագեցվածության համար՝ 198 մլն դրամ, տրանսպորտային հագեցվածության համար՝ 321 մլն դրամ, իսկ շենքային պայմանների համար՝ 2 մլրդ 800 մլն դրամ: Սրանք, իհարկե, նախնական հաշվարկներն են: Հավելենք, որ հանրային քննարկման ավարտի համար ժամկետ է նախատեսված օգոստոսի 15-ը:
4․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին ՀՀ պաշտպանության նախարարության ներսում հետաքրքիր վերադասավորումների շրջան է. պաշտոնատար անձանց փոփոխությունների բուռն ալիք է սպասվում, և այդ գործընթացն արդեն մեկնարկել է ու շարունակական է լինելու: Ավելին, մենք տեղեկացանք, որ այդ փոփոխությունները մեծամասամբ պայմանավորված են պաշտպանության նախարարությունում վերակազմավորումների հետևանքով ստեղծված վարչություններով, որոնք պետք է նոր աշխատակիցներ ունենան: Եվ այժմ նախարարության ներսում ներքին քննարկումներ են, թե ինչ վերադասավորումների կարելի է սպասել:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ Սերժ Առուշանյանին հեռացրել են աշխատանքից և նրա փոխարեն այդ պաշտոնին նշանակել են Ալիկ Ավետիսյանին, որը եղել է պաշտպանության նախարարության բարեվարքության բաժնի պետը: Սակայն այսքանով ներքին գործընթացները չեն ավարտվելու, և առաջիկայում ականատես կլինենք նոր փոփոխությունների ու վերադասավորումների: