«Ես ոչ արածներիս համար եմ փոշմանում, ոչ՝ չարածներիս, ժամանակի մեջ պետք է նայել, տարբեր իրավիճակներում տարբեր որոշումներ պետք է կայացնել»։ Այս մասին PARA TV-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախկին ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը՝ պատասխանելով հարցին, թե հետադարձ հայացքով իր պաշտոնավարման ժամանակ ի՞նչը կփոխեր։
Հարցին, թե ի՞նչ է փոխվել ոստիկանությունում այս երկու տարվա մեջ, Գասպարյանն ասել է, թե ոստիկանությունն իր ընտանիքն է, չի սիրում բարձրաձայնել նրա մասին, բայց իրեն տխուր է զգում։
«Տխուր եմ, որովհետև ունեինք բարեփոխումների 3 ծրագիր, որի 2 փուլը մենք անցկացրինք, հեռանալիս անձնակազմին ասել եմ, որ 3-րդ փուլը, որ պետք է անեինք 2018-ից սկսած, ավարտին հասցնեն։ Պետք է վերցնել լավը, ոչ թե ամեն ինչ»,-նշել է նախկին ոստիկանապետը։
Ըստ Գասպարյանի՝ իրենից հետո եկած ոստիկանապետերը բարդութավորված անձնավորություններ էին․
«Նրանք գնացել են, այդ պատճառով կարող եմ ասել այդ բանը։ Եթե մարդ են նշանակում՝ հարցնելով՝ կգնա՞ս, թե՞ չես գնա Գասպարյանի հետևից, դա տխուր է։ Ես միշտ ասել եմ՝ տղաներ, վա՛յ այն ոստիկանին, որը զբաղվում է քաղաքականությամբ, և վա՛յ այն կուսակցություններին, որոնք ոստիկանությանը որպես գործիք են օգտագործում, երկուսն էլ դատապարտված են»,- ասել է Գապարյանը։