Կառավարությունը երկարացրեց արտակարգ դրությունը մինչև ս.թ. սեպտեմբերի 11-ը, այսօր օրենքի ուժով կհրավիրվի Ազգային ժողովի հատուկ նիստ՝ քննարկելու այդ հարցը: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ արտակարգ դրությամբ պայմանավորված միջոցառումների և սահմանափակումների շարունակական կիառումը դեռևս կարող է էական ազդեցություն ունենալ դեպքերի թվի աճի տեմպերի նվազման վրա, և այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրություն հայտարարելու համար, դեռևս պահպանվում են, դրա համար էլ առաջարկվում է հինգերորդ անգամ օգոստոսի 12-ին՝ ժամը 17:00-ից, 30 օրով՝ մինչև սեպտեմբերի 11-ը, երկարաձգել արտակարգ դրությունը երկրում:
Նախարարը ներկայացրեց, թե արտակարգ դրության ռեժիմի երկարաձգմանը զուգահեռ ինչ սահմանափակումներ են հանվում։
Ըստ այդմ՝
- Հավաքների ազատության հետ կապված բոլոր սահմանափակումները հանվում են, բայց մասնակիցները պետք է լինեն դիմակով ու պահպանեն 1.5 մետր սոցիալական հեռավորություն։
- Թույլատրվում է մինչև 40 հոգուց բաղկացած ընտանեկան միջոցառումների կազմակերպումը:
- ՀՀ քաղաքացիություն չունեցողները անձանց մուտքի արգելքը հանվում է՝ պահպանելով 14 օր ինքնամեկուսացում:
- Վերացվել է մաքսային սահմանով ապրանքների փոխադրման սահամանափակումների կիրառման հնարավորությունը։
- Վարակակիրների հայտնաբերման և ինքնամեկուսացման նպատակով էլեկտրոնային հսկողության կարգում հստակեցվել է միայն վարակակիրների, կոնտակտավորների և ինքնամեկուսացված անձանց մասով համապատասխան տվյալներ ստանալու հնարավորությունը ոչ ավելի, քան 14-օրյա ժամկետով: