ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանն ԱԺ հատուկ նիստին անդրադարձավ սահմանների բացման խնդրին։ Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ այլ երկրներ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտք գործելու հնարավորության, այդ թվում՝ զբոսաշրջային նպատակներով, սահմանումը կոնկրետ պետության իրավական կարգավորումների դաշտում է։
«Երկրի սահմանների բացումը ոչ միայն ՀՀ կառավարության որոշման, այլև մեր գործընկերների հետ քննարկելու հարց է: Մենք քննարկում ենք օդային կանոնավոր հաղորդակցության վերաբացման հարցը ՌԴ-ի հետ, կան երկկողմ բանակցություններ: Իսկ ցամաքային սահմանների բացման հարցի վերաբերյալ դեռևս քննարկումներ չկան ո՛չ վրացի, ո՛չ իրանցի գործընկերների հետ, շարունակում է պահպանվել նույն ռեժիմը»,- ասաց Ավինյանը:
Պարետը նշեց, որ գործող սահամանափակումներով օգոստոսի առաջին 10 օրերին «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստան է ժամանել շուրջ 4500 ուղևոր, այսինքն՝ օրական ուղևորահոսքի միջին թիվը կազմել է շուրջ 450 ուղևոր: Գյումրիի «Շիրակ» օդանավակայանով նույն ժամանակահատվածում ժամանող ուղևորների քանակը կազմել է շուրջ 500 հոգի՝ իրականացված 3 չվերթով:
Փոխվարչապետը քաղաքացիներին հորդորեց հանգիստն անցկացնել Հայաստանում:
Խորհրդարանն օգոստոսի 12-ին հրավիրված հատուկ նիստում քննարկում է Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու հարցը: Նշենք, որ կառավարությունն արտահերթի նիստի ընթացքում որոշեց ևս մեկ ամսով երկարաձգել Հայաստանում մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրությունը մինչև սեպտեմբերի 11-ը։