ՀՀ կառավարությունը, ինչպես և հայտարարել էր, առավելագույն թափանցիկ է գտնվել իր բոլոր գործողություններում, ինչպես նաև տեղեկատվության տրամադրման առումով ՀՀ քաղաքացիների նկատմամբ: Իսկ իրականում համավարակի հետ կապված թվերը պետք է հրապարակել համավարակի վերացումից հետո:
«Ես՝ որպես պարետ, պատասխանատու եմ այն բոլոր որոշումների համար, որ կայացրել եմ: Երբ գա հարցերին պատասխանելու ժամանակը, բոլոր հարցերի պատասխանները կտամ»,- ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ ի պատասխան ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի հարցին:
Ինչ վերաբերում է համեմատականներին այլ երկրների հետ, փոխվարչապետը նկատեց, որ երկներն ունեն տարբեր մեթոդաբանություններ, այս փուլում բարդ կլինի համեմատելը, բայց երբ աշխարհով մեկ համավարակը վերացած լինի, պատեհ կլինի համեմատականներ տանելը։
Էնֆիաջյանի դիտարկմանը, թե ԵՄ, ՌԴ, ԱՀԿ, ԱՄՆ կողմից ՀՀ ուղղված դրամական միջոցներն ինչ է արվել, պետք է հաշվետվություն ներկայացրել, թե ինչ նպատակով են ծախսվել այս միջոցները, փոխվարչապետը պատասխանեց․
«Պարո՛ն Էնֆիաջյան, թափանցիկությունն այնտեղ է, որ Դուք հարցում եք ուղարկել կառավարություն, և Ձեր հարցման պատասխանը մանրամասն, դեռևս ԱԺ նախորդ նիստին արդեն ստացած եք եղել»,- պատասխանեց Ավինյանը:
Էնֆիաջյանն ասաց, որ չի ստացել, ինչին ի պատասխան՝ Ավինյանը խոստացավ ուղարկել «սքրինները»: