Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումներից հետո Ռուսաստանից Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի օդային տարածքով Հայաստան է հասցվել ավելի քան 400 տոննա ռազմական բեռ, և նրա հեռախոսազանգի հիմնական նպատակը այդ հարցը պարզաբանելն է, հայտնում է interfax.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
Ալիևը նշել է, որ հուլիսի 17-ից սկսած ՌԴ-ից Հայաստան ռազմական նշանակության բեռների ինտենսիվ մատակարարումներ են տեղի ունենում, և այդ հարցը լուրջ մտահոգություն է առաջացնում Ադրբեջանում։
Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև: Համաձայն հաղորդագրության ՝ կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային խնդիրների շուրջ՝ այս տարվա հուլիսին ադրբեջանա-հայկական պետական սահմանին տեղի ունեցած իրավիճակի սրման համատեքստում: Ռուսական կողմից ընդգծվել է լարվածության սրմանը նպաստող ցանկացած գործողությունների բացառման կարևորությունը։