«Խաղաղություն չի կարող հաստատվել Հայաստանի միակողմանի գործողությամբ: Մենք իրական խաղաղություն կունենանք, եթե Ադրբեջանը ընդառաջի Հայաստանի ջանքերին»: Այս մասին «BBC-ի «Hard talk» հաղորդմանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով սահմանային նոր ընդհարումների մասին հարցին:
«ՀՀ վարչապետ դառնալով՝ ես խաղաղության նոր բանաձև եմ առաջարկել՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովրդի համար: Ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, որ խոսել է Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի լուծման տարբերակի մասին: Բայց դժբախտաբար Ադրբեջանի նախագահը չի ընդառաջել իմ առաջարկին»,- նշել է ՀՀ վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Ադրբեջանն է սկսել ռազմական հարված հասցել Հայաստանին:
«Դա անկախ գործողություն չէ: Երկար ժամանակ Ադրբեջանի նախագահը ռազմական հռետորաբանություն էր անում՝ ասելով, որ պատրաստվում է Լեռնային Ղարաբաղի հարցը լուծել ռազմական ուժի միջոցով: Եվ որպես արդյունք, Ադրբեջանի կառավարությունը պետք է բացատրի իր հասարակությանը՝ ինչու նրանք չկարողացան զենքի ուժով լուծել հարցը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետը նշեց, որ միջազգային հանրությունը պարբերաբար լսում է հրադադարի խախտումների վերաբերյալ երկկողմ մեղադրանքներ, թե որ կողմն է խախտել հրադադարը, ուստի դրա համար է ՀՀ-ն առաջարկում մշակել հրադադարի խախտումներն արձանագրելու միջազգային մեխանիզմ։
Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է 2019 թվականի օգոստոսին Ստեփանակերտի հրապարակում ասել
«Արցախը Հայաստան է և վերջ»՝ Փաշինյանը նշեց․
«Լեռնային Ղարաբաղը մի քանի հազար տարի բնակեցված է գերազանցապես հայերով և «Արցախ» անունը նույնպես մի քանի հազար տարեկան է»։