ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ օգոստոսի 19-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ պարզաբանեց Ապրիլյան պատերազմից հետո 1980-ականների զենքերի մասին Գերմանիայում արած իր հայտարարությունը:
«Այն շատ մեծ շահարկումների տեղիք տվեց առաջին հերթին այն մարդկանց կողմից, որոնք լավ չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում 1980-ականների զենք: Իմ ասածը, եթե թարգմանենք դիվանագիտական լեզվով, հետևյալն էր. «Հարգելի՛ ԵԱՀԿ անդամներ, անկախ այն հանգամանքից, որ դուք աչք եք փակում Ադրբեջանի կողմից մինչև ատամները զինվելու հանգամանքին, մեր մարտիկները կարողանում են պաշտպանել իրենց հայրենիքը»,- ասաց Սարգսյանը:
Սերժ Սարգսյանի խոսքով՝ կան բոլոր հնարավորությունները՝ պարզելու, թե այսօր աշխարհում կա՞ մի բանակ, որը չունի 80-ականների զենք:
«Եթե կգտնեք մի այդպիսի բանակ ամենաժամանակակից բանակների թվում, ապա ես կհայտարարեմ, որ ես այդ գործից ընդհանրապես ոչինչ չեմ հասկանում: Նույնիսկ այսօր ոչ միայն մեր զինված ուժերի զինանոցում են 80-ականների զենքերը, այլ նաև ամենահարուստ և ամենամեծ ապահովություն ունեցող զինված ուժերի»,- ասաց Սարգսյանը:
Ըստ երրորդ նախագահի՝ այդ շահարկումները քաղաքական նպատակներով էին, և պատճառը գուցե թեմային չտիրապետելն է եղել:
Հարցին, թե ինչու ապրիլյան պատերազմի ժամանակ «Իսկանդերը» չկրակեց, Սարգսյանը նշեց.
«Քառօրյա պատերազմը, առաջին հերթին, լայնածավալ պատերազմ չէր: Քառօրյա պատերազմը լայնածավալ ռազմական գործողություններ էին, և եթե մենք օգտագործեինք այդ ժամանակ «Իսկանդերը», ուղղակի դա կլիներ, ինչպես ասում են, կրակոց թնդանոթներից ճնճղուկների վրա:
«Իսկանդերը» շատ հզոր զենք է, և «Իսկանդերի» առաջին առաքելությունը հակառակորդին զսպելն է: Ոչ միայն «Իսկանդերը», այլ նաև մեր մնացած հեռահար միջոցները, ճիշտ ժամանակին գտնվում էին իրենց կրակակետերում և պատրաստ էին կատարելու ցանկացած հրաման»։