«Եթե 2016 թ․ ապրիլյան ռազմական գործողությունները երկարաձգվեին, ապա Հայաստանը ճանաչելու էր Լեռնային Ղարաբաղի անկախությունը»։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու՞ ապրիլյան իրադարձությունների ժամանակ Հայաստանը չճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունն այն դեպքում, երբ մինչև այդ հայտարարել էր, որ եթե Ադրբեջանը շարունակի իր ագրեսիվ քաղաքականությունը, Հայաստանին այլընտրանք չի մնում, քան ձեռնարկել անհրաժեշտ իրավական քայլեր կապված Լեռնային Ղարաբաղի հետ։
«Ես չեմ ասել՝ հենց պատերազմի առաջին օրը ճանաչելու ենք Լեռնային Ղարաբաղի անկախությունը, և փառք Աստծո, այդ ռազմական գործողությունները տևեցին ընդամենը 4 օր։ Եթե երկարաձգվեին, ապա անպայման մենք ճանաչելու էինք Լեռնային Ղարաբաղի անկախությունը, որովհետև ակնհայտ էր դառնալու, որ մենք հաստատակամ ենք իրագործել նաև մեր այն խոստումը, որ տվել էինք մեր ժողովրդին․ այն է՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը հանդիսանում են Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր, և Հայաստանն ամեն ինչ օգտագործելու է, որպեսզի պաշտպանի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Այնպես որ, հիմա էլ ես համոզված եմ՝ եթե իրոք լինի լայնածավալ պատերազմ, ապա Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,- ասաց երրորդ նախագահը։
Սարգսյանը նշեց նաև․
«Երբ արդեն իսկ առաջին օրը մենք մեր հրամանատարների և զինվորների հաստատակամությամբ արդեն կասեցրել էինք Ադրբեջանցիների հարձակումը, ես կարծում եմ՝ ավելորդ փութաջանությունն այդ հարցում կարող էր խոչընդոտել մեր հետագա դիվանագիտական հաջողություններին։ Իսկ որ հետագայում այդ քառօրյան վերածվեց նաև մեր դիվանագիտական հաղթանակի, կարծում եմ՝ որևէ կասկած չկա»։
Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի ճանաչումը պետք է լինի իրադրությունից բխող արդարացված որոշում։