«Որևէ կերպ չի կարելի Ապրիլյան պատերազմը և Տավուշյան իրադարձությունները միմյանց հետ համեմատել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Անշուշտ, Տավուշում մեր զինված ուժերն իրենց լավագույնս դրսևորեցին և կատարեցին չափազանց կարևոր խնդիր։ Ցանկալի կլիներ, որ մեր հանրությունը, այդ թվում՝ ես, մի քիչ ավելի հանգամանորեն տեղեկացված լինեինք, թե հատկապես ո՞ր սխրագործության համար 71 հոգին պիտի պարգևատրվեր «Մարտական խաչով». չափազանց կարևոր հանգամանք է, հատկապես ինձ համար։ 1994 թվականին կնքած հրադադարից հետո, երբ առաջին անգամ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ի մի էր բերում նախորդ 4 տարիների ռազմական գործողությունները եւ դրանցում ակտիվ մասնակցություն ունեցողներին, ընդամենը 2 տասնյակը պարգեւատրվեցին «Մարտական խաչ» շքանշանով»,- ասաց Սերժ Սարգսյանը։
Երրորդ նախագահը նշեց, որ այդ ռազմական գործողությունների տարբերությունը շատ մեծ է.
«Մի բան է լայնածավալ ռազմական գործողություններ, որոնք մղվում էին 200 կիլոմետրից ավելի հատվածում, մեկ այլ բան՝ մարտական բախումը, որը տեղի է ունենում մի քանի հարյուր մետր հատվածներում։ Ես շատ ուրախ եմ, որ հերթական անգամ մեր զինված ուժերը իրենց ցուցաբերեցին լավագույնս։ Գոնե հիմա որևէ մեկը չի կարող ասել, որ մեր զինված ուժերը մարտունակ չեն»։
Ադրադառնալով դիրքային բարելավումներին, կորուստներին՝ Սարգսյանը նշեց, որ 1994 թվականի հրադադարից հետո այդ գործընթացը երբեք կանգ չի առել.
«Մինչև ապրիլյան պատերազմը բազմաթիվ տեղերում՝ Արարատի մարզում, Վայոց Ձորում, Սյունիքում, Տավուշում ու նաև շփման գծում մենք ունեցել ենք բազմաթիվ բարելավումներ։ Կարող եք հարցնել երրորդ բանակային կորպուսի հրամանատարներ գեներալ Լևոն Երանոսյանին, գերենալ Օնիկ Գասպարյանին, գեներալ Գրիգորի Խաչատուրովին։ Ուղղակի մենք դա արել ենք լուռ, առանց աղմուկի, որովհետև կարևորը մեզ համար եղել է այն հանգամանքը, որ անհրաժեշտություն կա դիրքային բարելավումների և մեր վերահսկելի տարածքն ընդլայնելու։ Կարևորն այն չէ, որ դրա համար մենք շեփորահարենք՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակ և այսպիսով շահագրգռել Ադրբեջանին՝ փոխադարձ գործողություն կատարելու»։
Հարցին՝ արդյոք մեր հակահետախուզությունը, քաղաքական և ռազմական ղեկավարությունը տեղյա՞կ էին ադրբեջանցիների հարձակումների մասին, Սերժ Սարգսյանը պատասխանեց.
«Ես խորապես համոզված եմ՝ բոլոր այն հայտարարությունները, թե մենք իբրև իմացել ենք հարձակման մասին ստույգ տեղեկություններ, ուղղակի հնչեցվել են մարդկանց կողմից, որոնք հնավորություն չեն ունեցել ամբողջական ծանոթություն ունենալ այդ և դրան նախորդող ժամանակաշրջանի, այդ թվում՝ հետախուզության կողմից տրամադրված տեղեկություններին կամ եթե ունեցել են, ապա նրանք լավ չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում հետախուզական տեղեկություններ։ Ո՛չ, մենք նախօրոք չենք իմացել, որ Ադրբեջանի կողմից պատրաստվում է լայնածավալ գործողություն»։
Հարցին՝ ինչո՞ւ չեն իմացել, երրորդ նախագահն ասաց, որ այդ հարցում մեր հետախուզությունը թերացել է.
«Սա էլ է մասնագիտական հարց, և պետք է ասեմ, որ, ցավոք սրտի, աշխարհի նույնիսկ լավագույն հետախուզությունները չեն կարողանում ունենալ ամբողջական տեղեկատվություն։ Կարծում եմ, որ դուք չեք կասկածում՝ աշխարհի լավագույն հետախուզական ծառայություններից մեկը Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունն է, որը նախնական տեղեկություն չուներ սեպտեմբերի 11-ի այդ ողբերգության իրականացման մասին։ Այո՛, այդ հարցում մեր հետախուզությունը թերացել է։ Մենք ունեցել ենք նախնական տեղեկություն արդեն ամսի 1-ի օրվա երկրորդ կեսին, որ ադրբեջանցիների կողմից պատրաստվում է դիվերսիոն գործողություն։ Եվ ենթադրվող հատվածներում կատարվել է համապատասխան աշխատանք»։