Մամուլում շրջանառվող տեղեկատվության համաձայն՝ կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում կառաջադրի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին անդամ, սահմանադրական իրավունքի մասնագետ Էդգար Շաթիրյանի թեկանածությունը։
Armenia Today տեղեկատվական-վերլուծական պորտալի թղթակցի հետ զրույցում վերջինիս ձեռնպահ մնաց մեկնաբանություններից՝ նշելով, որ առարկայական որևէ ասելիք չկա։
«Գուցե սպասենք մեկ-երկու օր և շաբաթվա վերջում պարզ կլինի, կոռեկտ չեմ համարում դատողություններ անել։ Առաջադրող սուբյեկտը Կառավարությունն է, վերջնական որոշում կայացնողը՝ Ազգային Ժողովը։ Սաղմնային վիճակում գտնվող նախնական զրույց եղել է, բայց դա ինքնստիքյան չի նշանակում թեկնածության առաջադրում, առավել ևս ընտրություն։ Պաշտոնապես առաջադրելուն նախորդում է որոշակի ընթացակարգեր, զրույցներ, դիրքորոշումների փոխանակում, որից հետո առաջադրող սուբյեկտն իր դիրքորոշումը կարտահայտի»,- նշեց Շաթիրյանը՝ չբացառելով, որ քննարկումների արդյունքում գուցե և իրեն հրավիրեն զրույցի։
Հիշեցնենք, որ ավելի վաղ կառավարության կողմից Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրված Վահրամ Ավետիսյանը հետ էր կանչել ՍԴ դատավոր ընտրվելու իր համաձայնությունը:
Իր որոշումը նա հիմնավորել է նրանով, որ «Իմ քայլի» իշխող դաշինքի որոշ անդամների Սահմանադրական դատարանի դերի, ապաքաղաքականության և ՍԴ դատավորի անկախության մասին պատկերացումները համահունչ չեն նրա մոտեցումներին, իսկ որոշ դեպքերում անընդունելի են։