Այսօր՝ օգոստոսի 24-ին, «Իմ քայլը» խմբակցության հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ քննարկվել են արտաքին քաղաքականության և բարեփոխումների օրակարգին առնչվող հարցեր։ Այս մասին հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Նա տեղեկացրեց, որ հանդիպմանը «Իմ քայլը» խմբակցությունը մասնակցել է գրեթե 90 տոկոսով, նիստը եղել է փակ, հետևաբար կոնկրետ հարցերի պատասխաններ չի կարող հնչեցնել։
«Իմ քայլի» ղեկավարը տեղեկացրեց, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը չի քննարկվել:
«Մենք չենք քննարկել անձերի, թեկնածուների. քննարկել ենք ընդհանուր մոտեցումներ՝ որպես պետական այրեր ինչպես ենք պատկերացնում, ինչպես ենք պլանավորում այս կամ այն ուղղությունով այս կամ այն ոլորտի զարգացումը»: