Երկու շաբաթ է Բելառուսում շարունակվում է իշխանության ենթակա կառույցների և ցուցարարների միջև դիմակայությունը, որոնք չեն ճանաչում գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հաղթանակը ընտրություններում։ Ի՞նչ սցենարով կզարգանան իրադարձությունները Բելառուսում: Պետք է սպասել Լուկաշենկոյի հեռանալուն, թե՝ ոչ, որքանով է միասնական Լուկաշենկոյի ընդդիմախոսների Միացյալ շտաբը և ինչպիսին է Ռուսաստանի դերը տեղի ունեցածի մեջ. այս հարցերի շուրջ Armenia Today տեղեկատվական-վերուծական պորտալի թղթակիցը զրուցել է Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Բենիամին Պողոսյանի հետ։
-Պարոն Պողոսյան, իրադարձությունների զարգացման ի՞նչ հնարավոր սցենարներ կան։ Որո՞նք են քաղաքական ճգնաժամից դուրս գալու ելքը, արդյո՛ք պետք է սպասել Լուկաշենկոյի հեռանալուն՝ հաշվի առնելով վերջինիս լեգիտիմության խնդիրը, ո՞վ կարող է գալ նրա փոխարեն։
-Խոսելով օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակից հնարավոր ելքերի մասին, պետք է նշել, որ ամենայն հավանականությամբ Լուկաշենկոյին չի հաջողվի վերականգնել մինչև օգոստոսի 9-ը եղած իրավիճակը և շարունակել պաշտոնավարել ևս հինգ տարի։ Ընդ որում, դրա հիմնական պատճառների թվում է ոչ միայն բնակչության շրջանում առկա դժգոհությունը և ընտրությունների պաշտոնական արդյունքների նկատմամբ եղած անվստահությունը, այլև այն հանգամանքը, որ Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի պաշտոնում այլևս չի ցանկանում տեսնել Ռուսաստանը, որն ամենամեծ լծակներն ունի զարգացումների վրա ազդելու համար։
Օգոստոսի 25-ին Ռուսաստանի արտգործնախարարի՝ լրատվամիջոցներին տված պատասխաններից կարելի է եզրակացնել, որ Ռուսաստանի համար ամենաընդունելի տարբերակը կարճ ժամկետում հանրության լայն շերտերի ներգրավմամբ Բելառուսում նոր սահմանադրության մշակումն ու ընդունումն է, որից հետո՝ Ռուսաստանի անուղղակի վերահսկողության ներքո նախագահական և խորհրդարանական նոր ընտրությունների կազմակերպումը, որոնց Լուկաշենկոն այլևս չի մասնակցի։ Այս տարբերակին, կարծես թե, դեմ չեն նաև Եվրամիության ծանրքաշայինները՝ Գերմանիան և Ֆրանսիան։ Հասկանալի է, որ Լուկաշենկոն կփորձի ամեն կերպ հետաձգել իշխանությունը հանձնելու պահը՝ հուսալով, որ կարող են առաջանալ նոր հանգամանքներ, որոնք իրեն թույլ կտան շարունակել մինչև 2020 թ. Ռուսաստանին և Արևմուտքին միմյանց դեմ օգտագործելով սեփական իշխանության պահպանման և Բելառուսի որոշակի ինքնիշխանության ապահովման գործընթացը։
Ամեն դեպքում, այս պահին իրավիճակի հանգուցալուծման առավել հավանական ելքը նոր սահմանադրության ընդունումը և նոր ընտրությունների կազմակերպումն է։ Չի կարելի բացառել նաև բախումների սաստկացման և դրանից հետո Ռուսաստանի հետ համագործակցությամբ Բելառուսի ուժայինների կողմից Լուկաշենկոյին իշխանությունից հեռացնելու հնարավորությունը։
– Ի՞նչ կարող են անել Լուկաշենկոյի ընդդիմախոսները ստեղծված իրավիճակում, միասնաբա՞ր է գործում ընդդիմության ճակատը։ Եթե խոսենք իրավունքի տեսանկյունից՝ ի՞նչ հնարավորություններ ունեն նրանք բողոքի համար:
-Բելառուսում ընդդիմությունը բազմաշերտ է։ Նախքան ընտրությունների անցկացումը, ընդդիմությունը ներկայացված էր ընդդիմադիր երեք թեկնածուներով՝ քսան տարի ռուսական «Գազպրոմ» ընկերության վերահսկողության տակ գտնվող «Բելգազպրոմբանկի» նախագահ Վիկտոր Բաբարիկո, ԱՄՆ-ում Բելառուսի նախկին դեսպան Վալերի Ցեպկալո և Սվետլանա Տիխանովսկայա՝ 2020 թ. մայիսին ձերբակալված բլոգեր Սերգեյ Տիխանովսու կինը։ Առկա տեղեկույթի հիման վրա կարելի է պնդել, որ նրանցից առնվազն Բաբարիկոն և Ցեպկալոն սերտ կապեր ունեն ռուսական տարբեր շրջանակների հետ։
Բաբարիկոն ձերբակալվել է հունիսի 18-ին տնտեսական հանցագործությունների մեղադրանքով և մինչ այժմ գտնվում է նախնական կալանքի տակ, իսկ Ցեպկալոն հուլիսի վերջին հեռացել է Ռուսաստան և օգոստոսի 19-ից ընտանիքով գտնվում է Լեհաստանում։ Միևնույն ժամանակ բողոքի զանգվածային
գործողությունները ղեկավարվում են մի քանի տելեգրամային ալիքների, առաջին հերթին՝ Nexta-ի կողմից, որի խմբագիրները գտնվում են Լեհաստանում։
Օգոստոսի 9-ի ընտրություններից հետո Լիտվա մեկնած Սվետլանա Տիխանովսկայայի առաջարկով ձևավորվել է նաև ընդդիմության «Համադասող խորհուրդ», որի նախագահության անդամների թվում է նաև Բաբարիկոյի նախընտրական արշավի կազմակերպիչ Մարիա Կոլեսնիկովան։ Բաբարիկոյի թեկնածության գրանցման մերժումից հետո Կոլեսնիկովան ակտիվորեն աջակցել է Սվետլանա Տիխանովսկայային։ Դժվար է գնահատել՝ ինչպիսի հարաբերություններ կան Համադասող խորհրդի և տելեգրամյան ալիքների խմբագիրների միջև։ Ինչ վերաբերում է իրավական գործընթացին, ապա Բելառուսի Գերագույն դատարանն օգոստոսի 25-ին մերժել է Սվետլանա Տիխանովսկայայի բողոքը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախագահական ընտրությունների արդյունքները հաստատող որոշման դեմ։
-Ինչպիսի՞ն է Ռուսաստանի և Արևմուտքի դերը տեղի ունեցածի մեջ, որքանով են շարունակվող ցույցերն ու Լուկաշենկոյի հրաժարականի պահանջը պայմանավորված արտաքին ու ներքին գործոններով։
-Անդրադառնալով ներքին գործոններին՝ պետք է նշել, որ Բելառուսում արդեն 2020 թ. սկզբին նկատվում էր տնտեսական անկում (հունվար – փետրվար ամիսներին՝ դեռ մինչև կորոնավիրուսի համավարակի տարածումը, Բելառուսում ՀՆԱ-ի անկումը կազմել է մոտ երկու տոկոս)։ Սա առաջին հերթին պայմանավորված էր Ռուսաստանի կողմից շուկայականից էժան գներով Բելառուս նավթի մատակարարման դադարեցման հետ։ Հասկանալի է, որ կորոնովիրուսային համավարակը ևս հարվածել է Բելառուսի տնտեսությանը՝ անկախ այն հանգամանքից, որ Բելառուսում կարանտինային միջոցառումներ փաստացի չեն իրականացվել։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լուկաշենկոյի վարկանիշը հիմնականում պայմանավորված էր հասարակության զգալի շերտերի համար կենսամակարդակի ոչ բարձր, սակայն կայուն մակարդակի ապահովմամբ՝ հասկանալի է, որ տնտեսական իրավիճակի վատթարացումը բերելու էր դժգոհության որոշակի աճի։ Մյուս կողմից, առկա են նաև արդեն 26 տարի նախագահի պաշտոնը զբաղեցնող նույն անձից հոգնածության բնականոն երևույթներ։
Ինչ վերաբերում է արտաքին գործոններին, ես արդեն նշել եմ, որ առնվազն 2015 թ. սկսած՝ Ռուսաստանը լուրջ դժգոհություններ ուներ Լուկաշենկոյից և փորձելու էր հասնել 2020 թ. նախագահական ընտրություններից հետո կամ Լուկաշենկոյի հեռացմանը կամ վերջինիս դիրքերի էական թուլացմանը։
Ռուսաստանի բացասական վերաբերմունքը Լուկաշենկոյի նկատմամբ էլ ավելի սրվեց 2019 թ. վերջին՝ «Միութենական պետության» ստեղծման գործընթացն արագացնելու նպատակով նախագահներ Պուտինի և Լուկաշենկոյի միջև կայացած անարդյունավետ բանակցություններից հետո, երբ Լուկաշենկոն փաստացի մերժեց ռուսական կողմի առաջարկը։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանը մտահոգված էր 2016 թ. մեկնարկած Բելառուս – ԵՄ և Բելառուս – ԱՄՆ հարաբերությունների նորմալացման գործընթացով, որի գագաթնակետը թերևս 2020 թ. փետրվարի 1-ին ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի այցն էր Մինսկ։ Ինչ վերաբերում է ԵՄ-ի և ԱՄՆ-ի դիրքորոշմանը, ապա վերջին մի քանի տարիների ընթացքում նրանք փորձում էին բարելավել հարաբերությունները Լուկաշենկոյի հետ՝ հույս ունենալով այդ ճանապարհով կանխել Ռուսաստանի կողմից Բելառուսի կլանումը։ Միևնույն ժամանակ, չի կարելի բացառել, որ Լեհաստանում և բալթյան հանրապետություններում գործող որոշ ուժեր շահագրգռված էին ընտրություններից հետո բողոքի լայնածավալ գործողությունների կազմակերպմամբ՝ հույս ունենալով, թերևս, դրանց միջոցով արագորեն հասնել Լուկաշենկոյի տապալմանը և իրենց ձեռնտու ուժերի կողմից իշխանության ձեռք բերմանը։
-Ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան այսօր Վիլնյուսում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Սթիվեն Բիգընի հետ, ով ասել է, որ Միացյալ Նահանգները սատարում է Բելառուսի ժողովրդին արդարության ձգտելու և ազատ ընտրություններ անցկացնելու հարցում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հանդիպումը․ սա գալի՞ս է ապացուցելու ընդդիմության գործողությունները դրսից ղեկավարելու մասին պաշտոնական Մինսկի հայտարարությունները։
-Օգոստոսի 24-ին կայացած Տիխանովսկայա – Բիգըն և օգոստոսի 25-ին Մոսկվայում տեղի ունեցած Բիգըն – Լավրով բանակցությունների վերաբերյալ առկա հրապարակային տեղեկույթից կարելի է եզրակացնել, որ ներկայումս ԱՄՆ-ը մտադիր չէ ակտիվորեն ներգրավվել Բելառուսում տեղի ունեցող
գործընթացներում, և կցանկանար իրավիճակը հանգուցալուծել ԵՄ – Ռուսաստան փոխգործակցության շրջանակում։ Դա կարող է պայմանավորված լինել ինչպես ԱՄՆ-ում եզրափակիչ փուլ մտած նախընտրական արշավով, այնպես էլ նախքան նոյեմբերի 3-ին նախատեսված նախագահական ընտրությունները ամերիկյան կողմի առաջարկով Նախագահներ Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպումից առաջ Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածության հավելյալ տարրեր չստեղծելու ամերիկյան կողմի ցանկությամբ։
-Բելառուսի նախագահը կոչ է արել օգոստոսի 24-ից դադարեցնել այն ձեռնարկությունների
աշխատանքը, որոնց աշխատակազմը գործադուլ է անում: Տևական ցույցերն ու Լուկաշենկոյի նման կոչը ինչպե՞ս կանդրադառնա երկրի տնտեսության ու հասարակության սոցիալական վիճակի վրա։
-Ես արդեն նշել եմ, որ Բելառուսի տնտեսությունն արդեն 2020 թ. սկզբից անկում էր ապրում, և վիճակի վատթարացումը շարունակվելու է ինչպես համավարակի, այնպես էլ քաղաքական անկայունության պատճառով։ Սակայն հիմնական գործոնն այստեղ Ռուսաստանի կողմից շուկայականից էժան նավթի մատակարարման ծավալների սահմանափակումն է, ինչպես նաև ռուսական գազի գինը իջեցնելու (ներկայումս այն կազմում է 1000 խորանարդ մետրի համար 127 դոլար) Բելառուսի առաջարկի մերժումը։
Արդեն սեպտեմբերից հնարավոր է բելառուսական ռուբլու արժեզրկում, բանկերից տարադրամի ձեռք բերման համար սահմանափակումների կիրառում, չեն բացառվում նաև խնդիրները թոշակների և աշխատավարձերի վճարման գործընթացում։ Նշեմ, որ Լուկաշենկոյի կողմից նախագահի պաշտոնը ստանձնելու արարարողությունը պետք է տեղի ունենա մինչև հոկտեմբերի 10-ը, և սեպտեմբերի ընթացքում տնտեսական հնարավոր ցնցումները կարող են էական դեր խաղալ Լուկաշենկոյի կողմից Ռուսաստանի առաջարկի՝ կարճ ժամկետում նոր սահմանադրության ընդունում և նախագահական ու խորհրդարանական ընտրությունների կազմակերպում, ընդունման համար։
Նարե Հարությունյան