- «Հրապարակ» թերթը գրում է, որ Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի վեցամյա երեխայի մահը ցնցել է բոլորին։ Ընտանիքի պատմությունը դեռևս մի քանի ամիս առաջ հանրայնացվել էր «Կիսաբաց լուսամուտներ»-ի ապրիլի 13-ի եթերում։
Ավելին, հաղորդավարն անգամ եթերում խնդրել էր Տավուշի մարզպետին՝ տիրություն անել ընտանիքին։ Ինչո՞ւ են անտարբերության մատնել այս ընտանիքին ու երեխաներին․ մեր հարցին մարզպետ Հայկ Չոբանյանը երեկ նախ հերքեց, թե որևէ մեկն իրեն այս ընտանիքի հարցով դիմել է, ապա հավաստիացրեց, որ ընտանիքը տարիներ շարունակ գտնվել է մարզի սոցիալական կենտրոնների հսկողության տակ։
Մարզպետն ասաց՝ գործ է հարուցվել, ճիշտ կլինի՝ սպասել քննության ավարտին, որից հետո պարզ կդառնա իրականությունը։
- «Հրապարակ» թերթը գրում է, որ սեպտեմբերի 4-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը դառնում է 65 տարեկան, և ՊՈԱԿ-ների մասին օրենքով նա այլևս չի կարող տնօրեն աշխատել։ Կրթահամալիրի կոլեկտիվն ու ծնողները պահանջում են, որ ՊՈԱԿ-ը փոխեն հիմնադրամի, որպեսզի Բլեյանը շարունակի տնօրեն աշխատել։
ԿԳՄՍ հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանեցին, որ պահանջը մերժվել է՝ ՊՈԱԿ-ը հիմնադրամ չի դառնալու։ Արայիկ Հարությունյանը կարծում է, որ նպատակահարմար չէ։ Նախարարությունը մեկ ամիս առաջ ծանուցում է ուղարկել Բլեյանին՝ հիշեցնելով, որ նա չի կարող սեպտեմբերից պաշտոնավարել, նրա հետ պայմանագիրը լուծվել է։ Բլեյանի կողմնակիցները պնդում են, որ սա հեղինակային մանկավարժություն է, և ԿԳՄՍ-ն պետք է ընդառաջի ու պայմաններ ստեղծի, որ Բլեյանը մնա։
Հասարակայնության հետ կապերի վարչությունից մեկնաբանեցին, որ թեպետ իրավական տեսանկյունից ՊՈԱԿ-ից հիմնադրամ վերածվելու արգելք չկա, բայց նախկինում մի քանի ՊՈԱԿ-ի՝ հիմնադրամ դառնալուց հետո դժգոհել են և խնդրել, որ նորից ՊՈԱԿ դառնան։
- «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջին օրերին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, հատկապես՝ Պետաիրավական հարցերով հանձնաժողովի անդամները, քննարկումներ են ունեցել և փորձել հասկանալ, թե երբ կարող են խորհրդարանում կազմակերպել Սահմանադրական դատարանի երեք անդամների ընտրությունը:
Թերթի տեղեկություններով, պատգամավորները նախնական հանգել են այն եզրակացության, որ Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունը պետք է կազմակերպել արտահերթ նիստով, և, ըստ այդմ, նախնական որոշում է կայացվել ընտրությունը կազմակերպել սեպտեմբերի 11-ին՝ ուրբաթ օրը:
Նկատենք, որ արդեն սեպտեմբերի 14-ին սկսվելու է Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը, և իշխող խմբակցությունը եկել է այն եզրակացության, որ այդ հարցը ճիշտ կլինի քննարկել արտահերթ ռեժիմով՝ դրան մեկ ամբողջ օր հատկացնելով, քանի որ մեկ օրում պետք է տեղի ունենա երեք քվեարկություն:
- «Հրապարակ» թերթը գրում է, որ ակտիվորեն թեժ աշնանն է պատրաստվում ոչ միայն իշխանությունը, այլև ընդդիմությունը։ Գագիկ Ծառուկյանը հրահանգել է՝ ձեռնամուխ լինել ԲՀԿ տարածքային կառույցների վերակազմակերպմանը, վերահաշվառմանն ու ակտիվացմանը։ Իսկ ինքը՝ կուսակցության ղեկավարը, պատրաստվում է առաջիկայում շրջել բոլոր մարզերով և անձամբ հանդիպել ժողովրդի հետ՝ ճշտելու հանրային տրամադրությունները, հոգսերը, պահանջներն իշխանությունից և ընդդիմությունից։
ԲՀԿ-ն այն քիչ կուսակցություններից է, որն ամենուր մարզային գրասենյակներ ունի և դրանք պահում է նաև ընտրությունների միջև ընկած ժամանակաշրջաններում։ Այժմ ԲՀԿ մարզային կառույցներում իսկական իրարանցում է սկսվել:
- «Փաստ» թերթը գրում է, որ «Մեկ Հայաստան» կուսակցության անունից կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը դիմում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու, մարդու կյանքի և առողջության համար վտանգ ներկայացնող տեղեկատվությունը թաքցնելու և աղավաղելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստերով քրեական գործ հարուցելու պահանջով։
ՀՔԾ-ն ու դատախազությունը մերժել էին քրեական գործի հարուցումը, սակայն, օգոստոսի 31-ին Ղազինյանի հայցն առաջին ատյանի դատարանի կողմից ընդունվելու է վարույթ: Դատարանն էլ հենց իրավասու է տալ իրավական որակում: «Փաստ» թերթի տեղեկություններով, պարետատան նիստում Արսեն Թորոսյանի հետ կապված վեճի հիմնական պատճառը եղել է հենց Ղազինյանի կողմից հանցագործության մասին հաղորդում ներկայացնելը:
Հասկանալով, որ դատարանի կողմից քրեական գործի հարուցումը անխուսափելի է՝ հաղորդման մեջ տեղ գտած փաստերի ուժով, Նիկոլ Փաշինյանը Թորոսյանին հասկացրել է, որ ամբողջ պատասխանատվությունը մնալու է իր վրա, սակայն վերջինս նշել է, թե չի պատրաստվում քավության նոխազ դառնալ, քանի որ որոշումները միանձնյա չի ընդունել, ինչի մասին առկա են համապատասխան գրագրություններ, այդ թվում՝ անձնական: Այս թեմայի շուրջ էլ, ինչպես ասում են, կրքերը շիկացել են, ինչի մասին արդեն տեղեկություններ են շրջանառվել լրատվամիջոցներում:
- «Հրապարակ» թերթը գրում է, որ նախօրեին «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է արել, բայց հրավիրված են եղել միայն մարզային պատգամավորները, այսինքն՝ նրանք, ովքեր խորհրդարան են անցել ռեյտինգային ցուցակներով։
Նիստը վարել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Պատգամավորներին հանձնարարվել է ակտիվացնել տեղի բնակչության հետ շփումները, որոնք գրեթե դադարեցվել էին կորոնավիրուսի պատճառով, փորձել հասկանալ, թե ինչ խնդիրներ ունեն մարդիկ, դրանք ներկայացնել պատկան մարմիններին և հետևողական լինել դրանց լուծման հարցում։
Առաջիկայում մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են լինելու, և իշխող ուժը քննարկել է դրանց մասնակցության հարցը, պատգամավորներին ասել են՝ մրցունակ թեկնածուներ աչքի տակ առնել, որպեսզի կուսակցությունը քննարկի նրանց առաջադրման հարցը։ Այս օրերին մարզային ակտիվ այցելությունների, աջակիցների և գործընկեր ուժերի հետ հանդիպումների մեջ են նաև ընդդիմադիր կուսակցությունները․ իշխող ուժը որոշել է հակաքայլեր ձեռնարկել, մեղմել բնակչության դժգոհություններն ու լուծում տալ կուտակված խնդիրներին։
- «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում դասապրոցեսի կազմակերպման կարգի շուրջ բողոքները շարունակվում են: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշել է կրկին քննարկել մի շարք դրույթներ, որոնք առկա են եղել ուղեցույցում։
Խոսքը վերաբերում է նաև դպրոցներում աշակերտների կողմից դիմակ կրելու պահանջին: Ինչպես հայտնի է, մոտ տասը օր առաջ ԿԳՄՍ-ն դպրոցներ է ուղարկել ուղեցույցները, որոնցում մանրամասն ներկայացված է, թե ինչպես պետք է անցկացվի դասապրոցեսը սեպտեմբերի 15-ից, որում նաև պարտադիր պահանջ է եղել հենց դիմակի կրումն աշակերտների կողմից: Այս դրույթը, դժկամությամբ է ընդունվել ավելի ցածր դասարանի աշակերտների ծնողների կողմից, որոնք տարակուսել են, թե ինչպես կարող են փոքրերը մի քանի ժամ շարունակ դիմակ կրել:
Դպրոցների տնօրենները բոլոր բողոքները հավաքագրել են և ուղարկել նախարարություն, որտեղից էլ որոշել են զիջումների գնալ և հավելյալ քննարկում անցկացնել: Եվ նախարարությունը մինչև սեպտեմբերի 15-ը նոր որոշում կունենա, թե ինչ պետք է անել համատարած դիմակ կրելու փոխարեն:
- «Փաստ» օրաթերթը գրում է, որ մայիսին ԱԺ-ն վավերացրեց հայտնի Լանզարոտեի կոնվենցիան, ինչի հետ կապված բազմաթիվ մտահոգիչ հարցեր բարձրացվեցին տարբեր մասնագետների և ընդհանրապես լայն հանրության կողմից։ Կոնվենցիան այն վավերացրած պետություններին պարտադրում է տարրական և միջնակարգ կրթության ընթացքում սեռական շահագործումից, սեռական բնույթի բռնություններից պաշտպանվելու հետ կապված տեղեկություններ հաղորդել երեխաներին:
«Փաստ» թերթի տեղեկություններով, Լանզարոտեի կոնվեցիայի հետ կապված՝ ՀՀ իշխանությունների կողմից նոր հաշվետվողական զեկույց է նախապատրաստվում, որտեղ ամփոփ ներկայացված է, որ մասնավորաբար ԿԳՄՍ-ն իր 2022-23 թթ. ծրագրի մեջ պետք է ներառի կոնվենցիայից բխող համապատասխանող կարգավորումներ։ Այնպես որ, առաջիկայում պետք է սպասել որոշակի ծրագրային մանրամասների՝ հասկանալու, թե կոնկրետ ինչ են առաջարկելու մեր երեխաներին: