ՌԴ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը օգոստոսի 26-ին Մոսկվայում քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը: Սերգեյ Լավրովը, անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման և հակամարտող կողմերի բանակցային գործընթացի վերսկսման հարցին, նշել է, որ ԵԱՀԿ ձևաչափը հարցի լուծման միակ տարբերակն է: Փորձերը՝ փոխել բանակցային ձևաչափը, անընդունելի են։
Երեկ երեկոյան Ադրբեջանի իշխանությունը նաև տեսանյութ է տարածել, որտեղ գերեվարված սպա Գուրգեն Ալավերդյանը պատմում է «գերի ընկնելու պատճառները»։ Ադրբեջանի իշխանությունները 5 հոդվածներով քրեական գործ են հարուցել վերջինիս նկատմամբ, որոնք ՀՀ ՊՆ-ն անհեթեթություն է որակել, իսկ ծավալված գործընթացը՝ անորակ ավանդական բեմադրություն։ Թեմաների շուրջ Armenia Today-ի թղթակիցը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հետ։
-Տիկին Հայրապետյան, երեկ կայացավ ՌԴ և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ ասուլիսը, որում նախարարներն անդրադարձան ԼՂ հակամարտության կարգավորման և հակամարտող կողմերի բանակցային գործընթացի վերսկսման հարցին։ Ինչպե՞ս կգնահատեք հանդիպումը, ի՞նչ թեզեր ու շեշտադրումներ կառաձնացնեք։ Արդյո՞ք ինչ-որ նոր շեշտադրումներ արվեց Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարարի կողմից։
-Կարծում եմ ընդհանուր առմամբ այցը ճանաչողական բնույթ ուներ․ սա Բայրամովի երկրորդ պաշտոնական այցն էր իր նոր պաշտոնը ստանձնելուց հետո։ Առաջին այցը նա կատարել էր Անկարա, որը նաև ավանդույթի ուժով է պայմանավորված։ Ադրբեջանական կողմի համար կարևոր է Մամեդյարովից հետո կարողանալ կապեր հաստատել ռուս գործընկերների հետ։ Ղարաբաղի հարցում, կարծում եմ, շեշտադրումները նույնն էին, ինչ նախկինում։ Որևէ նոր բաներ ես առնվազն չեմ նկատել հրապարակված հայտարարությունների տեքստում։ Այս ամենը կարելի է դիտարկել վերջերս Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի Բաքու կատարած այցի և Լավրովի հայտարարությունների համատեքստում։ Իմ համոզմամբ՝ ՌԴ-ն՝ որպես միջնորդ կողմ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում փորձում է օր առաջ հետ վերադարձնել կողմերին բանակցային կառուցողական դաշտ, ինչի մասին հրապարակավ նշել է ՌԴ ԱԳ նախարարը։
-Հանդիպման ընթացքում Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ փորձերը՝ փոխել բանակցային ձևաչափը, անընդունելի են։ Ի՞նչ նկատի ուներ ՌԴ ԱԳ նախարարը․ սա ո՞ր կողմին ուղղված մեսիջ էր։
Քանի որ ադրբեջանական կողմը վերջերս շարունակ թմբկահարում է բանակցային գործընթացի վերաբերյալ իր դժգոհությունը համանախագահներից և նրանց գործունեության նկատմամբ, սա ամբողջովին կիրառելի է ադրբեջանական կողմի համար։ Հայկական կողմը բանակցային ֆորմատի փոփոխություն չի առաջարկել, այլ առաջարկել է բանակցային լիարժեք եռակողմ ձևաչափի վերականգնում, որը հաստատվել է 1994 թվականի հրադադարի համաձայնագրով և վերահաստատվել 1995 թվականին, որի վերաբերյալ իրենց ընդհանուր հայտարարություններում հղումներ ունեն նաև համանախագահող երկրները։
-Նախօրեին ադրբեջանական ԶԼՄ-ները բեմադրված տեսանյութ էին տարածել՝ գերի ընկած սպա Գուրգեն Ալավերդյանի մասնակցությամբ։ Ինչպե՞ս կարող ենք տեսանյութն օգտագործել հայ սպային հայրենիք վերդարձնելու և Ադրբեջանի կողմից միջազգայնորեն ամրագրված իրավունքների, այդ թվում նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների արձանագրմանը հասնելու համար։
Կարծում եմ՝ Մարդու իրավունքների պաշտպանը և ՄԻՊ գրասենյակը Կարմիր Խաչի հետ միասին ինտենսիվորեն աշխատում են այդ ուղղությամբ։ Վերադարձի մասին այս պահին չեմ կարող որևէ բան ասել։ Իմ տեղեկություններով՝ այս պահին ունենք թվով հինգ հայ գերեվարված՝ տարբեր մեղադրանքներով և տարբեր ձևակերպումներով։ Այս դեպքից առաջ Ադրբեջանում Նարեկ Սարդարյանին ներկայացրեցին, թե իբրև ինքնակամ է անցել սահմանը, Կարեն Ղազարյանին դիվերսանտ են ներկայացնում․ ամեն մեկի գործով ինչ որ քայլեր են ձեռնարկում։ Իմ տպավորությունն է՝ թե՛ Նարեկ Սարդարյանի, թե՛ Գուրգեն Ալավերդյանի մասնակցությամբ հրապարակված տեսանյութերից, որ Ադրբեջանի նպատակն է քարոզչական շղարշ ստեղծել, թե իբրև Հայաստանում իրավիճակը ծանր է և այս մարդիկ անցնում են սահմանը։ Եթե հիշում եք, այս տեսանյութից առաջ հրապարակվել էր ևս մեկ տեսանյութ, որտեղ հստակ երևում էր, որ Գուրգեն Ալավերդյանը կտտանքների է ենթարկվել. դրա համար եղավ ՄԻՊ հայտարարությունը․ նրա աչքերը փակ էին, հայհոյախառը և նվաստացուցիչ արտահայտություններ էին հնչում՝ ուղղված մարդու արժանապատվության խախտմանը։ Բնականաբար այս ամենը չի կարող մեր ուշադրությանը չարժանանալ, ավելին՝ այդ առումով պետք է ակտիվ աշխատանք տանել, որը և արվում է այս պահին ՄԻՊ գրասենյակի միջոցով։ Հետագա ընթացքը ցույց կտա, բայց պետք է զգուշավոր գործել, որպեսզի իր համար խնդիրներ չստեղծենք՝ հաշվի առնելով ինչ տեսակ հակառակորդ ունենք և ինչ տեսակ անմարդկային կարող են նրանք լինել։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի՝ Հայաստանի հասցեին հնչեցրած մեղադրանքներին, թե մենք «խախտում ենք» Միջազգային հումանիտար իրավունքը և Ժնևի կոնվենցիաները, ապա դրանք իրենց հայտնի հայտարարություններն են. նույն թեզն է։ Այս տեսանյութի հետ կապված կա հստակ Ժնևյան կոնվենցիայի խախտում, ինչի իրավական կողմի վրա կհրավիրվի միջազգային կառույցների ուշադրությունը։
Նարե Հարությունյան