- «Հրապարակ» թերևթը գրում է, որ նոր Հայաստանի իրավապահներն անզիջում պայքար են սկսել հանցագործ աշխարհի ներկայացուցիչների դեմ: Հիմնական միջոցները խուզարկություններն են, զենքի եւ արգելված նյութերի փնտրտուքի պատրվակով անմարդկային հաշվեհարդարները, որոնց մասին տեղեկատվությունը սպրդում է մամուլ: Այս փաստը, որը, ի դեպ, արդարադատության նախարարությունը հաստատեց, մեծ աղմուկի առիթ դարձավ: Ծեծվածները հիմնականում չեն բողոքում՝ հանցագործ աշխարհի և կալանավայրերում չգրված օրենքների արգելքները չխախտելու համար: Սակայն, թերթի տեղեկություններով, այս անգամ բողոքողներ, այնուամենայնիվ, եղել են: Մասնավորապես, բռնությունների զոհերից մեկը՝ «Նուբարաշենի» 60-րդ խցի դատապարտյալ Արման Խոստիկյանը, որն ավտոմեքենա գողանալու մեղադրանքով դատապարտվել է 12 տարվա ազատազրկման, նամակ է գրել Նիկոլ Փաշինյանին, որտեղ պատմել է, թե ինչպես են իր հետ վարվել ՔԿԾ հատուկ ջոկատի աշխատողները, որոնց նա անվանում է դահիճներ, «իրենց սադիստական ախորժակները բավարարող»:
- «Իրավունք» թերթը գրում է, որ Իջևան քաղաքում վերջին օրերին բավականին սկանդալային լուրեր են շրջանառվում: Փաշինյանամերձ շրջանին մոտ կանգնած թերթի աղբյուրը հայտնում է, որ Իջևան քաղաքում վերջին օրերին սենսացիոն լուրերը շատերի զարմանքն են հարուցել:
Աղբյուրի խոսքով` Նիկոլ Փաշինյանի գլխում նոր «հանճարեղ» գաղափարներ են հղացել, համաձայն որի` Կոտայքի մարզպետի պաշտոնը, որն արդեն տևական ժամանակ է, ինչ թափուր է, պետք է ստանձնի Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
Ուշագրավ է այն, թե ով է փոխարինելու Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին: Աղբյուրը նշում է, որ Նիկոլ Փաշինյանը քանի որ քաջ գիտակցում է, որ Իջևանի քաղաքապետի ԺՊ Հայկ Ղալումյանը Իջևանում չսիրված և հասարակության կողմից չընդունված մեկն է, այդ իսկ պատճառով վերջինս որոշել է մարզպետի պաշտոնը նվիրել հենց նրան` զերծ մնալով առաջիկայում անցկացվելիք քաղաքապետի ընտրությունների խայտառակ պարտությունից: Նիկոլ Փաշինյանի նոր որոշմամբ` Իջևանի քաղաքապետի թեկնածու առաջիկայում առաջադրվելու է ԱԺ պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի զարմիկ Սիփան Փաշինյանը: Թերթի աղբյուրի դիտարկմամբ` Նիկոլ Փաշինյանը անցյալի ազդեցության տակ է մնացել և կարծում է, թե Սիփան Փաշինյանը վայելում է նախկինում ունեցած էյֆորիկ սերն ու հարգանքը:
- «Ժողովուրդ» թերթը գրում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հերթական վճիռն է կայացրել ընդդեմ Հայաստանի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խոսքը ««Օլիմպ» արտադրական կոոպերատիվը՝ ընդդեմ Հայաստանի» գործի մասին է, և հրապարակված վճռի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է դիմումատուին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում վճարել 2,400 եվրոյին համարժեք դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար:
Սակայն սա միակ վճիռը չէ. արդեն «Անահիտ Մկրտչյանը՝ ընդդեմ Հայաստանի» գործով կառավարությունը պետք է վճարի 26 հազար եվրոյին համարժեք դրամ:
Նշենք, որ 2001 թվականի հոկտեմբերի 30-ին Անահիտ Մկրտչյանի որդին մահացել է իր գումարտակի հրամանատարի գրասենյակում գլխին ստացված հրազենային վնասվածքից: Միջադեպի պաշտոնական բացատրության համաձայն՝ մեկ այլ զորակոչիկ պատահաբար կրակել է Անահիտ Մկրտչանի որդու վրա: Սակայն սպանության մեջ Մկրտչյանը կասկածում է հրամանատարին, որը, ըստ նրա, ծաղրի է ենթարկել իր որդուն և գումար շորթել նրանից:
Մեկ շաբաթ անց զորակոչիկներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով անփութությամբ սպանության համար: ՄԻԵԴ-ը գործում արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունքի) խախտում։ Եվ հերթական անգամ նախկինների սխալների համար գումարներ է տալիս այս կառավարությունը:
- «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդեպ հարուցված քրեական գործով արդեն 20 մեղադրյալ է ներգրավված, չնայած նախաքննական մարմինն այս հարցով շատ բացահայտումներ դեռ չի անում:
- «Հրապարակ» թերթը գրում է, որ ԲՀԿ-ում թեժ աշնանը նախապատրաստվելուն զուգընթաց, ամեն շաբաթ պիկնիկներ են կազմակերպվում, Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ շաբաթը մի մարզ են այցելում և հյուրընկալվում այդ մարզից ընտրված ԲՀԿ-ական պատգամավորներին։ Թեև որոշ պատգամավորներ վստահեցրին, որ դրանք ապաքաղաքական պիկնիկներ են՝ քաղաքական հարցեր չեն քննարկում։
Սակայն նպատակը քաղաքական է, և գաղափարի հեղինակն էլ Գագիկ Ծառուկյանն է, ով որոշել է ընդլայնել շփումները, տարբեր ֆորմատներով հանդիպել ոչ միայն ազգաբնակչության, այլև իր կուսակիցների հետ, որ իշխանությանը չհաջողվի Սերգեյ Բագրատյանից հետո ուրիշներին էլ «պոկել» ԲՀԿ-ից, հատկապես որ քրեական գործերի քննությունն ու հարուցումը շարունակվում են։
Օրերս էլ քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանի դեմ է գործ հարուցվել։ Այս շաբաթ ԲՀԿ-ն՝ Ծառուկյանի գլխավորությամբ, այցելելու է Շիրակ՝ հյուրընկալվելու են Վարդան Ղուկասյանին և Վարդևան Գրիգորյանին։ Եկող շաբաթ կլինեն Արմավիրում, իսկ անցած շաբաթ եղել են Գեղարքունիքում:
- «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ դեռևս 2019 թվականի դեկտեմբերի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Լուսինե Առաքելյանը հայտարարել էր, որ ազատման դիմում է ներկայացրել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դրանից հետո այդ ոլորտում աշխատանք գտնելու բոլոր դռները փակվել են նրա առջև, քանի որ նախարար Արայիկ Հարությունյանն ամեն ինչ արել է, որ նրան ոչ մի տեղ աշխատանքի չընդունեն: Ըստ տեղեկությունների՝ Առաքելյանի ջանքերը՝ տարբեր ձևերով աշխատանքի ընդունվելու պետական որևէ հաստատությունում, ապարդյուն են անցել: Վերջինս ֆինանսական լուրջ խնդիրների առաջ է հայտնվել, քանի որ երկար ժամանակ է՝ աշխատանք չունի: Առաքելյանը որոշել է լքել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերը:
- «Հրապարակ» թերթը գրում է, որ որքան էլ առողջապահության նախարարությունից հերքեն, թե Արսեն Թորոսյանի գործերը լավ են, և նա դիմում չի գրելու, ոչ միայն մամուլի աղբյուրներն են վկայում այն մասին, որ այդպես չէ, այլև բազում փաստեր։
Ասենք, այն, որ Թորոսյանը Ֆեյսբուքից ջնջվել է, որ նա արձակուրդ է գնում, երբ համաճարակի դեմ պայքարը շարունակվում է։ Այն, որ արձակուրդն օգոստոսի 31-ից է, իսկ կառավարության օգոստոսի 27-ի նիստին նա չէր մասնակցում։ Այն, որ իր «ախոյանին»՝ Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանին, հանգիստ է թողել և ԵՊԲՀ-ում հոգաբարձուների խորհրդում շատ քիչ «մարդ» է անցկացրել, իսկ խորհրդի նախագահն էլ իր թիմից չէ։
Եվ եթե դրսից ճնշումներին և մամուլի բարձրացրած աղմուկին չենթարկվելու Նիկոլ Փաշինյանի «կոմպլեքսը» և Միքայել Մինասյանի հոր պարագան չլինեին, նա հաստատ արդեն ազատված կլիներ պաշտոնից:
- «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները բավական խառն են և չեն հասկանում, թե ի վերջո ինչպես են լուծելու ՍԴ խնդիրը, մասնավորաբար չեն կողմնորոշվում՝ ՍԴ անդամների ընտրությունը կազմակերպելու հարցում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, գործադիրում հիմնականում հակված են հարցի քննարկումը արտահերթ կարգով կազմակերպելուն, որպեսզի մինչև հերթական նստաշրջանի մեկնարկը կարողանան ՍԴ անդամներ ընտրել, օրենսդիրում այս մոտեցման հետ, մեղմ ասած, այնքան էլ համամիտ չեն։
Իշխող ֆրակցիայում բավական մեծ թիվ են կազմում նրանք, որոնք ցանկանում են թեման քննարկել հերթական նիստերի ընթացքում՝ հանգամանալից և բովանդակալից, այլ ոչ թե արձակուրդային շրջանում արտահերթի ռեժիմով, «ոտքի վրա»։ Թե որ տարբերակը «հաղթող» դուրս կգա, դժվար է ասել, սակայն, մեր տեղեկություններով, խմբակցությունների ղեկավարներին զգուշացվել է, որ ամեն դեպքում պատգամավորները «շատ հեռու չգնան», որպեսզի անհրաժեշտության դեպքում արագորեն կարողանան հավաքվել»:
- «Հրապարակ» թերթը գրում է, որ Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանի ջրերը, ասում են, մի առվով չեն հոսում սկանդալային քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։ ՀԱԿ-ից սերված այս կադրի նկատմամբ, ասում են, Մարությանը հակակրանք ունի, Պողոսյանն էլ որտեղ նստում՝ Մարությանից է դժգոհում, թե՝ չի թողնում աշխատեմ։
Եվ հնարավոր է առաջիկայում Ավետ Պողոսյանը դառնա քավության նոխազ՝ ազատվի պաշտոնից, որը կլինի վերջին մեկ տարում Կենտրոնի երկրորդ թաղապետի ազատումը։ Իշխանությունը որոշել է երեւանցիների դժգոհություններն ուղղորդել թաղապետի ուղղությամբ՝ քաղաքապետին մի անգամ էլ փրկելով պաշտոնանկությունից: