Դուք ինձնից քաղաքական գնահատական եք ուզում. ապրիլյան գործողությունները ավարտվել են որոշ տարածքային կորուստներով, բայց ռազմաքաղաքական իրադրությունը փոփոխություն չի կատարվել:
Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հայկական կողմը ապրիլյան քառօրյա պատերազմում հաղթել է:
Հարցին, թե դա բավարա՞ր է պնդելու համար, որ չենք հաղթել, նա արձագանքեց. «Ես չեմ պնդողը, ոչ էլ պնդում եմ, որ հաղթել ենք: Որպես պաշտպանության նախարար ես հաղթելու կողմնակիցն եմ»։
Անդրադառնալով ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովին՝ Տոնոյանն ասաց, որ հանձնաժողովը հանգամանքները պարզելու մեծ աշխատանք է կատարել. երբ կլինի հանձնաժողովի զեկույցը, այդ ժամանակ հարցերի կպատասխանի։
«ՊՆ-ն շատ մանրամասն վերլուծություն է արել, շատ հարցերի պատասխաններ տվել է: Ընդ որում եղել է շատ մեծ ինքնաքննադատություն: Կարծում եմ, որ շատ տարբերություն չի լինելու: Ուղղակի մեր ինքնաքննադատությունը որոշակի առումով կարող է հրապարակային դառնալ, որոշակի առումով՝ ոչ»:
Հարցին՝ արդյոք կորցրած դիրքերը ռազմական ու ռազմավարական նշանակություն են ունեցել՝ նախարարն ասաց.
«Բոլոր դիրքերն են ընդհանրապես ռազմական նշանակության: Դիրքերը լուծում են մարտավարական խնդիր, որովհետև այդ դիրքերը մեկ վաշտի, մեկ դասակի դիրքեր են»։
Անդրադառնալով աշխարհազորի ստեղծմանը՝ Տոնոյանը նշեց, որ աշխարհազորի ստեղծման նպատակը համարում է հասարակությանը ռազմական բնույթի մարտահրավերներին և սպառնալիքներին արձագանքելուն պատրաստելը.
«Հայաստանի շուրջ առկա և ձևավորվող սպառնալիքների ու ռիսկերի, նաև հարևանության նոր ռազմատենչ հայտարարությունների պարագայում, միայն գործող զինված ուժերի ռեսուրսներն, իհարկե, կարող են բավարար չլինել»,- ասաց Տոնոյանը:
Հուլիսյան մարտերից հետո սահմանին առկա իրավիճակը Տոնոյանը գնահատեց կայուն կանխատեսելի։
Հիշեցենենք՝ 2019թ. մայիսի 31-ին ՀՀ Ազգային ժողովում ստեղծվել է 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով: Հանձնաժողովի փակ նիստերին մասնակցել են բազմաթիվ ներկա և նախկին պաշտոնյաներ, ռազմական գործիչներ, որոնք այս կամ այն կերպ կապ են ունեցել Ապրիլյան պատերազմի հետ: Հանձնաժողովն իր աշխատանքների եզրակացությունը հրապարակելու է 2020թ. սեպտեմբեր ամսին: