Վահրամ Ավետիսյանը ՍԴ դատավորի իմ թեկնածուն չի եղել, կառավարության թեկնածուն է եղել: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով մամուլի տեղեկություններին, որ Վահրամ Ավետիսյանի թեկնածությունն իր առաջարկով էր ներկայացվել, սակայն վերջինս ավելի ուշ հրաժարվեց ՍԴ դատավորի թեկնածությունից:
«Ինչու ենք կենտրոնացել նրա վրա: Եղել էր կառավարության կողմից առաջադրված թեկնածություն, քննարկումների արդյունքում առաջացել էր իրավիճակ, որից ելքը գտնվեց․ պարոն Ավետիսյանը հրաժարվեց հետագա պրոցեսին մասնակցելուց»:
Անդրադառնալով Կառավարության կողմից առաջադրված Էդգար Շաթիրյանի թեկնածությունը՝ Բադասյանն ասաց. «Պարոն Շաթիրյանն էլ կարծում եմ՝ դրական թեկնածու է, և ՍԴ դատավորի բարձր կոչմանն արժանի մասնագետ է և անձնավորությունը»:
Դիտարկմանը, որ Շաթիրյանը ԱԺ-ի կողմից ընտրվել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ, բայց հանձնաժողովի ղեկավար չընտրվելուց հետո հրաժարվեց անդամությունից՝ արդարադատության նախարարը նշեց, որ դա ցավալի միջադեպ էր:
«Կարծում եմ՝ ժամանակ կունենան «Իմ քայլը» խմբակցության հետ դա պարզաբանելու այդ հարցը:
Հարցին՝ արդյոք ՍԴ դատավորի երեք թեկնածուներն այն անձինք են, ովքեր եթե ԱԺ կողմից ընտրվեն ՍԴ դատավորներ, փոխելու՞ են ՍԴ-ի ներսում տիրող իրավիճակը, ընդհանրապես մեծանալու է հանրության մոտ վստահությունը ՍԴ-ի նկատմամբ՝ Բադասյանը պատասխանեց.
«Ես միայն կառավարության թեկնածուի մասով ինձ թույլ կտամ կարծիք արտահայտել: Կարծում եմ՝ այո, պարոն Շաթիրյանի թե՛ մասնագիտական, թե՛ անձնային հատկանիշները բավարարում է ՍԴ-ում գործունեության համար և ՍԴ-ի նկատմամբ վստահություն սերմանելու հարցում: Մյուս թեկնածուների մասով թույլ չեմ տա որևէ կարծիք արտահայտել, որովհետև նրանք ՀՀ նախագահի և Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված թեկնածուներ են»:
Նախարարն ընդգծեց, որ հասարակությունն իրավունք ունի ամենայն մանրամասնություններով կարծիք կազմել ՍԴ դատավորի այս կամ այն թեկնածուի հետ կապված, առկա ռիսկերի հետ կապված և ԱԺ-ում փարատել, կամ չփարատել այդ կասկածները:
Հիշեցնենք՝ Կառավարության կողմից Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում հուլիսի 23-ին առաջադրվել էր թեկնածու Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը։ Օգոստոսի 17-ին Ավետիսյանը Ազգային ժողովի նախագահին էր ներկայացրել «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու մասին» համաձայնությունը հետ կանչելու մասին դիմում։
Ավետիսյանը նշել էր, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից և հետագա քննարկումներից իր համար ակնհայտ էր դարձել, որ պատգամավորների մի մասի՝ Սահմանադրական դատարանի դերակատարության, Սահմանադրական դատարանի դատավորի ապաքաղաքականացվածության և անկախության վերաբերյալ մոտեցումներն ու պատկերացումներն իր մոտեցումներին և պատկերացումներին համահունչ չեն, իսկ որոշ դեպքերում նաև ինրհամար անընդունելի։
Ավետիսյանը նման իրավիճակում Ազգային ժողովում 80 ձայն ստանալը համարել է անիրատեսական, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու հետագա գործընթացին մասնակցելը՝ աննպատակահարմար։
Օգոստոսի 25-ին վարչապետի որոշմամբ Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Էդգար Շաթիրյանի թեկնածությունը: