Ես չեմ հասկանում, թե ինչն է քանդվում, եթե խոսվում է բարձրագույն դատական ատյանները միավորելու և սահմանադրության կիրառումը ընդհանուր դատարաններ բերելու, այդ կոնցեպտը կիրառելու մասին: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով քննադատությանը, որ ՍԴ-ն ու Վճռաբեկ դատարանները միավորելու քայլը համարվում է արդեն գործող համակարգը քանդելու գործողություն:
«Ինձ համար քանդելու դիսկուրսն ընդհանրապես անընդունելի է: Նույն տրամաբանությամբ, կիասանախագահական համակարգն ինչո՞ւ էին քանդում, ինչու՞ էին այդ ինստիտուտները, որ այդքան տարի գործել էին, ինչու՞ էին դրանց բովանդակությունը փոխում: Այդպես կարելի է ամեն ինչին արձագանքելն: Ինչ վերաբերում է Գերագույն դատարանի ստեղծմանը, ապա մենք ներառական հանձնաժողով ունենք, ներառականության սկզբոըւնքով ենք հանձնաժողովը ձևավորել, որտեղ կա կարծիքների բախում, կա թեժ բանավեճ ու դա շատ նորմալ է և ընդհանուր պրոցեսի վրա միայն դրական է անդրադառնում:
Գերագույն դատարանի ստեղծման հաջորդ դրական կետը կարող է լինել միասնական պրակտիկայի ապահովումը, բացառվի ՍԴ-ի դատական ակտերի չկատարումը այլ դատական ատյանների կողմից և մի շարք այլ առավելություններ, որոնք կապված կլինեն գերագույն դատարանի մոդելի հետ: Մոդելի մասով տարբեր նրբերանգներ կան, որոնք հանրային քննարկումների ընթացքում մանրամասն կքննարկվեն»,- ասաց նախարարը։
Հարցին, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում հնարավոր է ՍԴ-ն ու Վճռաբեկ դատարանները միավորվեն և ստեղծվի Գերագույն դատարան ու լուծարվի ՍԴ-ն՝ Բադասյանը նշեց․
«Ո՞վ է ասում, որ ՍԴ-ն լուծարվելու է. դա սխալ ուղղություն է, որովհետև որևէ մարմին չի լուծարվելու: Այստեղ կոնցեպտի հարց կա և այդ շրջանակներում է պետք հարցը քննարկել: Երկրորդ, այո, հանձնաժողովը ՍԴ-ն ու վճռաբեկ դատարանը միավորելու որոշում կայացրել է, բայց հանձնաժողովը խորհրդատվական մարմին է, որը առաջարկում է: Այո, կա նման հավանականություն, որ ՍԴ-ն ու Վճռաբեկ դատարանը միավորվեն, բայց ՍԴ-ի մոդելը դեռևս 2015-ին ընդունված Սահմանադական փոփոխություններով պետք է պատշաճ կարգով ներդրվեր, և մենք ընդամենը սխալների ուղղում ենք արել»։
Հարցին՝ արդյոք նոր ստեղծվելիք Գերագույն դատարանում լրիվ նոր կա՞զմ պետք է լինիմ թե այնտեղ կարող են ընդգրկվել ՍԴ-ի ու Վճռաբեկի դատավորներ, նախարարը պատասխանեց. «Ընթացակարգը, որով պետք է ձևավորվի գերագույն դատարանը, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը դեռևս չի քննարկել: Կարծում եմ՝ պետք է այնպիսի մեխանիզմ լինի, որը հանրային վստահությունը նոր ստեղծվող դատական ատյանի նկատմամբ շեշտակի կբարձրացնի»: