Որևէ մեկն ինձ վրա՝ որպես դատավորի, ո՛չ ունեցել է, ո՛չ էլ կարող էր ունենալ ազդեցույթուն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանը։
«Հավատացած եղեք՝ որևէ դատավոր որևէ մեկի քիմքին հաճո արդարադատություն չի իրականացնում. ես չեմ ընդունում այդպիսի դատավորի կերպարը»,- ասաց Խունդկարյանը։
Անդրադառնալով այն խոսակցություններին, որ սիրիահայ գործարարների գործով խախտում է տեղի ունեցել՝ ՍԴ դատավորի թեկնածուն նշեց, որ սիրիահայ գործարար Խուդյանի գործով բազմաթիվ վեճեր են եղել թե՛ սնանկության վարույթին, թե՛ քրեական, թե՛ քաղաքացիական գործերին առնչվող։
«Խուդյանի գործերով կայացված դատական ակտերը օրինական ուժի մեջ մտած են, և դրա վերաբերյալ որևէ դիրքորոշում ես չեմ կարող հայտնել։ Ապրիորի ասել, որ խախտում է տեղի ունեցել՝ ես դա ճիշտ չեմ համարում։ Մյուս գործարարի պարագայում ասում են, որ «Խունդկարյանի թեթև ձեռքով տեղի են ունեցել խախտումներ». կխնդրեմ, որ բացեք և տեսնեք՝ արդյոք այդ գործի քննությանը Խունդկարյանը մասնակցություն ունեցել է, թե՝ ոչ։ Այդ գործի վերաբերյալ բազմաթիվ որոշումներ կարող եք նայել և տեսնել՝ դատավոր Խունդկարյանը այդ գործին չի մասնակցել և չի քննարկել»,- ասաց ՍԴ դատավորի թեկնածուն։
Խոսելով սիրիահայ մյուս գործարարի դատական գործի մասին՝ Խունդկարյանը նշեց, որ եղել է վճռաբեկ բողոք, որի ընդունումը մերժվել է, սակայն կազմում երկու դատավոր համամիտ չեն եղել այդ լուծանը և ունեցել են հատուկ կարծիք՝ այդ թվում նաև ինքը, սակայն մամուլում հակառակ ինֆորմացիա է գնում։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովը հունիսի 22-ին երկրորդ ընթերցմամբ ընդունեց ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին իմքայլականների ներկայացրած նախագիծը: Օրինագիծն առաջարկում է դադարեցնել ՍԴ այն անդամների լիազորությունը, որոնք պաշտոնավարում են 12 տարուց ավելի։ Իսկ ավելի պակաս պաշտոնավարածները կպաշտոնավարեն մինչև 12 տարին լրանալը:
Այսպիսով, բոլոր դատավորների կարգավիճակը կհավասարեցվի: Այս օրինագծի ուժի մտնելու պահից ՍԴ նախագահի պաշտոնավարումը կդադարեցվի: ՍԴ նախագահի ընտրությունը՝ վեց տարի ժամկետով, տեղի կունենա, երբ օրինագծի ընդունումից հետո դատավորների թափուր տեղերը կհամալրվեն։ ՍԴ երեք դատավորների թափուր տեղերի համար իրենց թեկնածուներին են առաջադրել ՀՀ կառավարությունը, ՀՀ նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը: ՀՀ կառավարության թեկնածուն Էդգար Շաթիրյանն է, ՀՀ նախագահինը՝ Արթուր Այվազյանը, Դատավորների ընդհանուր ժողովինը՝ Երվանդ Խունդկարյանը: