Որոշակի շրջանակների կողմից սա կարող էր գնահատվել անհարգալից վերաբերմունք Ազգային Ժողովի և հանրության նկատմամբ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում հայտարարեց ՍԴ դատավորի պաշտոնում Կառավարության առաջադրած թեկնածու Էդգար Շաթիրյանը՝ անդրադառնալով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնից իր հրաժարմանը, որում նրան առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցությունը։
«Բացարձակապես նման բան մտքովս չէր անցել, ավելին՝ հրաժարականիս տեքստում ես շնորհակալություն եմ հայտնել ինձ առաջադրած կառավարող քաղաքական ուժին և ինձ ընտրած պառլամենտին հավաքական առումով, թեպետ ստացել էի նաև դեմ ձայներ։ Այս առումով ոչ հարգալից վերաբերմունքի մասին խոսակցությունները տեղին չեն։ Ես ներկայացրել եմ հիմնավորումը, որով հրաժարվեցի պաշտոնավարել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում։ Այդ մասին թող գնահատական տան այս պահին ինձ ՍԴ դատավորի պաշտոնում ընտրելու լիազորություն ունեցող սուբյեկտները՝ պատգամավորները։ Եթե նպատակահարմար չհամարեք իմ պաշտոնավարումը ՍԴ դատավորի պաշտոնում, ես կհարգեմ այդ և ցանկացած այլ որոշումը»,- նշեց Շաթիրյանը։
Թեկնածուի խոսքով՝ եթե անհրաժեշտություն լինի ՍԴ-ում պետք է կատարվեն ֆունդամենտալ փոփոխություններ, այո՛, կատարվել են Սահմանադրական փոփոխություններ, բայց առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք ոչ մեկ չի թաքցնում։
Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին, թե արդյոք չի՞ ստացվի այնպես, որ եթե քաղաքական մեծամասնությունը նրան ընտրի, ու նա գնա ՍԴ և չընտրվի ՍԴ նախագահ, կարող է որոշել, որ ՍԴ-ում անելիք չունի, Շաթիրյանը նշեց, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից հեռանալու պատճառը բնավ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնում չընտրվելը չէր:
«2015 թվականից մինչև 2019 պաշտոնավարելով որպես բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ՝ կարծում եմ՝ առնվազն բարոյական իրավունք ունեի հավակնելու նոր մարմնի նախագահի պաշտոնին»,- ասաց Շաթիրյանը՝ շեշտելով, որ իրացնելով բարոյական իրավունքը՝ առաջադրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնում:
Հիշեցնենք, որ 2019 թվականի նոյեմբերի 26-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանը հայտնել էր, որ իր անձի (անձնական և մասնագիտական որակների) նկատմամբ, մի կողմից, Ազգային ժողովի առավելագույն վստահության և, մյուս կողմից, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի երեք անդամի բացարձակ անվստահության պայմաններում նպատակահարմար չի համարում հետագա պաշտոնավարումը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում։
Նշենք, որ այսօր խորհրդարանում քննարկվում է ՍԴ երեք անդամի ընտրության հարցը։ Ազգային ժողովը հունիսի 22-ին երկրորդ ընթերցմամբ ընդունեց ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին՝ իմքայլականների ներկայացրած նախագիծը: Օրինագիծն առաջարկում է դադարեցնել ՍԴ այն անդամների լիազորությունը, որոնք պաշտոնավարում են 12 տարուց ավելի։ Իսկ ավելի պակաս պաշտոնավարածները կպաշտոնավարեն մինչև 12 տարին լրանալը: Այսպիսով, բոլոր դատավորների կարգավիճակը կհավասարեցվի: Այս օրինագծի` ուժի մտնելու պահից ՍԴ նախագահի պաշտոնավարումը կդադարեցվի: ՍԴ նախագահի ընտրությունը՝ վեց տարի ժամկետով, տեղի կունենա, երբ օրինագծի ընդունումից հետո թափուր դատավորների տեղերը կհամալրվեն։ ՍԴ երեք դատավորների թափուր տեղի համար իրենց թեկնածուներին առաջադրել են կառավարությունը, ՀՀ նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը: ՀՀ կառավարության թեկնածուն է Էդգար Շաթիրյանը, ՀՀ նախագահինը՝ Արթուր Վաղարշյանը, Դատավորների ընդհանուր ժողովինը՝ Երվանդ Խունդկարյանը: