Խորհրդարանն այսօր փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց ՍԴ դատավորի երեք թեկնածուներին: ՍԴ երեք դատավորների թափուր տեղի համար իրենց թեկնածուներին առաջադրել էին Կառավարությունը, ՀՀ նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը: Դատավորների ընդհանուր ժողովի առաջադրած թեկնածուն է Երվանդ Խունդկարյանը, ՀՀ նախագահի առաջադրած թեկնածուն՝ Արթուր Վաղարշյանը, Կառավարությանը՝ Էդգար Շաթիրյանը:
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը հրապարակեց ՍԴ դատավորի թեկնածուների ընտրության արդյունքները: Ըստ այդմ՝ քվեարկությանը 132 պատգամավորից մասնակցել է 88-ը:
Երվանդ Խունդկարյանի օգտին կողմ է քվեարկել 84, դեմ՝ 2 պատգամավոր, 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
Արթուր Վաղարշյանը ստացել է 86 կողմ ձայն, դեմ՝ 1, անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ:
Էդգար Շաթիրյանը ստացել է 85 կողմ, 3 դեմ ձայն:
Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում քննարկվում էր ՍԴ երեք անդամի ընտրության հարցը։ Ազգային ժողովը հունիսի 22-ին երկրորդ ընթերցմամբ ընդունեց ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին՝ իմքայլականների ներկայացրած նախագիծը: Օրինագիծն առաջարկում է դադարեցնել ՍԴ այն անդամների լիազորությունը, որոնք պաշտոնավարում են 12 տարուց ավելի։ Իսկ ավելի պակաս պաշտոնավարածները կպաշտոնավարեն մինչև 12 տարին լրանալը: Այսպիսով, բոլոր դատավորների կարգավիճակը կհավասարեցվի: Այս օրինագծի` ուժի մտնելու պահից ՍԴ նախագահի պաշտոնավարումը կդադարեցվի: ՍԴ նախագահի ընտրությունը՝ վեց տարի ժամկետով, տեղի կունենա, երբ օրինագծի ընդունումից հետո թափուր դատավորների տեղերը կհամալրվեն։