Անկախ նրանից, մեր պաստառի բովանդակությունն իրենց դուր է գալիս, թե՝ ոչ, իրենք չեն կարող խոչընդոտել, որ պաստառը ներս տանենք ԱԺ նիստերի դահլիճ, որովհետև որևէ մեկն այստեղ չի կարող գրաքննություն իրականացնել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով նրան, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով իրենց պաստառը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հրահանգով թույլ չեն տվել տանել նիստերի դահլիճ:
«Ալեն Սիմոնյանը ինքնագործունեությամբ էր զբաղված, և զուտ ԱԺ ինստիտուտի նկատմամբ հարգանքից ելնելով՝ ես ինքս էլ աղմուկ չեմ սիրում, բայց չեմ սիրում, երբ նման արհեստական խոչնդոտներ են ստեղծում։ Պաստառն ամբողջ օրվա ընթացքում լինելու է ԱԺ նիստերի դահլիճում»,- ասաց ԼՀԿ-ական պատգամավորը։
Սամսոնյանի խոսքով՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը, նրան անվստահության հարցը ամենաբնական պահանջն է հանրության կողմից:
«Տեսեք ինչ է կատարվում դպրոցներում, բուհերում, գիտության հետ առհասարակ. մշակույթի և սպորտի մասին կարող ենք լռել: Այս բոլոր հարցերի մասին այսօր խոսելու ենք: Երկու տարվա ընթացքում նա բացի գիտական հանրույթի, մանկավարժական հանրույթի նկատմամբ ցուցաբերած հեգնանք-ծաղրանքի, նվաստացումների, բարեփոխումների իմիտացիայի, տնօրենների ոչ իրավական ճանապարհներով հեռացնելու, ՀՀԿ-ական տնօրենների դեմ խտրական պայքար մղելուց ոչինչ չի արել»,- ասաց պատգամավորը։
Սամսոնյանը նշեց, որ բուհերում քաոս է, մարդիկ չեն կարողանում ռեկտոր ընտրել, որովհետև նախարարը միջամտում է այդ ընտրություններին՝ ընդգծելով, որ բուհերի ապաքաղաքականացման մասին Հարությունյանի հայտարարություններն այդպես էլ չկատարվեցին։
Նա հավելեց, որ «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորները Արայիկ Հարությունյանին հանդուրժում են միայն նրա համար, որ նա հեղափոխության առաջնորդներից մեկն է։
«Այլ արժանիք, որպես ոլորտի պատասխանատու, այդ անձը չունի: Բոլորը գիտեն, որ նա Նիկոլ Փաշինյանի վստահելի մարդն է, այդ իսկ պատճառով լռում են: Կրթությունն այն հարցն է, որ նրանք չպիտի լռեն: Ես հասկանում եմ, որ նրանց ստիպում են։ ՀՀ-ում ոլորտները կառավարում են մարդիկ, որոնց արժանիքը հեղափոխության առաջնորդ լինելը կամ քայլելն է»,- ասաց ԼՀԿ-ականա պատգամավորը։
Նշենք, որ այսօր ԱԺ-ում միջադեպ է տեղի ունեցել. «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Անի Սամսոնյանն ու Գևորգ Գորգիսյանը փորձում էին «Քայլ արա, դուխով հեռացիր» գրությամբ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին ուղղված պաստառ ներս մտցնել ԱԺ նիստերի դահլիճ:
Անի Սամսոնյանը նախ բանակցեց նիստերի դահլիճում գտնվող Աժ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, այնուհետև դուրս եկավ, ում հետևեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Երբ ընդդիմադիր պատգամավորները փորձում էին պաստառը տանել դահլիճ, Ալեն Սիմոնյանը ծանոթացել է պաստառի գրությանը, ապա հորդորեց անվտանգության ծառայողներին պատգամավորներին պաստառով չթողնել նիստերի դահլիճ: Դրանից հետո պատգամավորները փորձեցին ներս մտնել։
Միջադեպին միջամտել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և թույլ տվել ներս մտնել պաստառով: