ՍԴ դատավորների ընտրության հարցում երբ ասում են հանրության մոտ հարցեր են առաջացել, ապա պետք է ճշտել այդ հանրության ներկայացուցչների հեռախոսահամարները հասկանալու, թե ում են նրանք ներկայացնում։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ ՍԴ դատավորների ընտրության պրոցեսում կային նաև մարդիկ ու շրջանակներ, որոնք ուզում էին խոսել հեղափոխության արժեքների մասին:
«Անընդհատ փորձում էին իրավիճակը համեմատել հեղափոխության արժեքների հետ: Տպավորություն էր, որ հեղափոխությունը կառավարած քաղաքական թիմը ընդհանրապես գաղափար չունի հեղափոխության արժեքներից և մարդիկ, որոնք հեղափոխության մասին իմացել են մայիսի 8-ից մեկ շաբաթ հետո, իրենք դարձել են հեղափոխության արժեքների ջերմեռանդ պատպաններ: Ես ուզում եմ ասել, որ այդպես չէ: Ամեն իրավիճակում կան խմբեր, ուժեր, որոնք ուզում են իրենց օրակարգը, իրենց շահերը, իրեցն թեկնածուներին, իրենց կամակատարներին հանրության անունից՝ որոշակի տեղերում տեղավորել»,-ասաց Փաշինյանը:
Նա հայտարարեց, որ ԱԺ-ում ՍԴ դատավորների ընտրությամբ Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամը վերջացել է:
«Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ձևավորվել է իդեալական ՍԴ: Ոչ, չի նշանակում»,-հավելեց վարչապետը:
Ինչ վերաբերում է կառավարության ներկայացրած թեկնածուին՝ Էդգար Շաթիրյանին, Փաշինյանը նշեց, որ այն կատարվել է գործադիրի լիազորություննների շրջանակներում, քննարկումներ են եղել, որոշվել է, որ հենց նրա թեկնածությունը պետք է ներկայացնել:
Հիշեցնենք՝ այսօր ՀՀ ազգային ժողովը Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնում ընտրեց Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին և Արթուր Վաղարշյանին: Երվանդ Խունդկարյանի թեկնածությունն առաջադրել էր Դատավորների ընդհանուր ժողովը, Արթուր Վաղարշյանի թեկնածությունը՝ ՀՀ նախագահը, Էդգար Շաթիրյանինը՝ Կառավարությունը: