ՀՅԴ Հայաստանի երիտասարդական կազմակերպությունը «Հանուն ազգային և առաջադեմ կրթության» խորագիրը կրող երթ էր կազմակերպել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։
Երթը մեկնարկեց Մատենադարանի հարակից տարածքից, անցավ Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով ու ավարտվեց ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց։
Երթի մասնակիցները՝ ԿԳՄՍ ոլորտներում վարվող քաղաքականության համար պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը։
Ակցիայի մասնակիցները հույս են հայտնել, որ ՀՀ կառավարությունը վաղը ողջամիտ կլինի եւ կառավարության նիստին կքննարկի Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը:
«Վաղվա կառավարության նիստից հետո մենք կհասկանանք մեր քայլերի հերթականությունը: Միայն ուզում ենք նշենք, որ մեզ համար կան կարմիր գծեր, որոնք մեզ համար հատելն անթույլատրելի է և մենք նահանջելու տեղ չունենք: Նշանակում է, որ եթե վաղը Կառավարությունը չկարողանա լուծել Արայիկ Հարությունյանի հարցը, մենք կգնանք մեզ վերապահված իրավուքնների սահմաններում բոլոր միջոցներին ձերբազատվելու համար Արայիկ Հարությունյանից եւ նրա վարած քաղաքականությունից»,- հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը:
Նշենք, որ այսօր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իր օրակարգում հրաժարականի հարց չկա: