«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը հերքում է մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե կուսակցությունից արտահոսք կա։
Նա Armenia Today– ի հետ զրույցում այդ լուրերն աբսուրդի ժանրից համարեց։
Նա հայտնեց, որ առաջիկա մեկ-երկու օրերի ընթացքում մի քանի հարյուր անդամատոմս են տալու կուսակցության շարքերը համալրողներին․ վերջին մեկ ամսվա ընթացքում այդքան նոր անդամ ունեն։
Բացի այս, Խաչիկ Գալստյանն ասաց, որ իրենց անդամագրվելու մի քանի հազար դիմումներ էլ կան, որոնք դեռ քննարկման փուլում են։
Մեկ- երկու հոգի էլ «Հայրենիք»-ից դուրս են եկել, քանի որ անցել են զինվորական ծառայության և ժամանակավորապես դադարեցրել են կուսակցության անդամակցությունը։
Ինչ վերաբերվում է կուսակցության քաղաքական օրակարգին, նա ընդգծեց, որ «Հայրենիքի» քաղաքական օրակարգը վաղուց հայտնի է։
«Մեր քաղաքական օրակարգը վաղուց ձևակերպված է և այդ օրակարգի առանցքային հարցը գործող իշխանության՝ իր գլխով և շերեփուկներով անհապաղ հեռացումն է, ուրիշ օրակարգ այսօր մենք չունենք»,-հայտարարեց կուսակցության խորհրդի անդամը։
Հիշեցնենք՝ «Ժամանակ» թերթը, հղում անելով սեփական աղբյուրին, գրել էր, որ «Հայրենիք» կուսակցությունից սկսվել է կուսակցականների արտահոսք:
Ըստ թերթի, պատճառն այն է, որ կուսակցությանը միացածները չեն տեսնում կուսակցության գործունեության քաղաքական օրակարգ և քաղաքական հեռանկար:
Հիշեցնենք նաև, որ «Հայրենիք» կուսակցության նախագահն ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն է՝ պաշտոնից ազատվելուց հետո կուսակցություն է ստեղծել։