«Այն, որ Ալեն Սիմոյանը բավականին վառ երևակայություն ունի, որևէ մեկը կասկածի տակ չի առնում»: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան գրառումը վերաբերվում էր ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանին:
«Ես կարծում եմ, որ Գագիկ Ծառուկյանի գրառման մեջ ով որ պետք է, իրեն տեսներ, վստահաբար տեսել է»,-ասաց Տոնոյանը։
Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում նման քաղաքական դիսկուրսին, Տոնոյանը նշեց, որ քաղաքականության մեջ իր համար առաջին հերթին կարևոր է քաղաքական բարեկրթությունը, սակայն դիսկուրսին չանդրադարձավ՝ նշելով, որ այստեղ քաղաքական դիսկուրս չկա։
«Մենք իսկապես ուզում ենք ամրագրել այդ հանգամանքը, որ հոգեկան խնդիրներ ունեցող անձինք բարձրաստիճան քաղաքական պաշտոններ չպետք է զբաղեցնեն: Մենք մեր փորձագետների հետ արդեն աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասաց Տոնոյանը։
Անդրադառնալով Արայիկ Հարությունյանի կոտայքիների մասին երեկվա հայտարարությանը՝ Տոնոյանը նշեց, որ նախօրեին իշխանության ներկայացուցիչների կողմից կոռեկտությունը շրջանցող արտահայտություններ են հնչել։
«Ես իհարկե, հասկանում եմ, որ իշխանությունները որդեգրել են անհասցե, ակնարկներով համեմված մեղադրանքների գործելաոճը, բայց կարծում եմ, որ այն ժամանակ, երբ իրենք կունենան իրենց կողմից շատ սիրված «դուխը» և անվանական ինչ-որ բան կասեն, վստահաբար, կստանան համարժեք պատասխան»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը։
Հարցին, թե իրավական գործընթացում վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես պատասխանող տեսնո՞ւմ է, Տոնոյանը պատասխանեց, որ այս պահին իրավական գործընթացի հնարավորությունն են հիմա քննարկում իրավաբանների հետ:
Դիտարկմանը, որ իշխանությաններ էլ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի գրառումներն է համարում ոչ կոռեկտ՝ Իվետա Տոնոյանն ասաց.
«Անկախ անձերից, ինձ համար քաղաքականության մեջ բացառապես բարեկրթությունն է դիտարկվում որպես առաջնահերթություն: Եթե պարոն Պետրոսյանի առանձին գրառումների կամ մտքերի հետ կապված իշխանություններն ունեն վերապահումներ, իրենց իրավունքն է դրանց մասին խոսելու: Բայց երբ որ գործընթացներն անցնցում են խելամտության, բարեվարքության, տրամաբանության բոլոր սահմանները, բնականաբար հերթը հասնում է քննարկումների այսպիսի մակարդակի»:
Հիշեցնենք՝ վաղ առավոտից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն անհասցե ֆեյսբուքյան գրառումներ են կատարել՝ հանրությանը հայտնի դարձած գործերի հիմքով։
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էլ այսօր ԱԺ-ում նշել էր, որ Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գրառումը վերաբերում է իր կուսակից Գևորգ Պետրոսյանին, որի հետ կապված մամուլում տեղեկություններ են պտտվում, որ ինքը առողջական խնդիրներ է ունեցել մշտապես։