«Իմ քայլի» պատգամավոր Քրիստինե Պողոսյանը ԱԺ ելույթում նշեց, որ ինքը սարսափելի ազնիվ է, նաև` իր հանդեպ, և ասաց, որ անցյալ տարի օրենքի նախագիծ էր փորձում շրջանառության մեջ դնել` առաջարկելով, որ ԱԺ պատգամավորները հոգեբանական ստուգում անցնեն, որպեսզի, օրինակ, իրավունք ունենան ընտրելու դատախազին:
«Զարմանալիորեն այդ ժամանակ շատ վատ արձագանքեցին ԲՀԿ խմբակցության պատգամավորները, ինչից ես զարմացա: Իմ ընկերներն ինձ համոզեցին, որ այդտեղ ազատ ընտրության խախտում կա, որ ցանկացած մարդ կարող է լինել պատգամավոր: Ամեն դեպքում, ես որոշեցի առժամանակ հետ կանգնել այդ ճանապարհից՝ լսելով իմ ընկերներին: Բայց քանի որ այսօր Գագիկ Ծառուկյանն է նման հայտարարություն արել, գուցե նա միանա ինձ և որոշենք` արդյոք ԱԺ 132 պատգամավորները կանցնե՞ն այդ ստուգումը և իրավունք կունենա՞ն ՀՀ քաղաքացիների համար օրենքներ մշակելու»,- նկատեց պատգամավորը:
Պատգամավորի կարծիքով՝ եթե ԱԺ պատգամավորներն են ընտրում դատախազին, որն անցնում է այդ չափորոշիչներով, խելամիտ է, որ ԱԺ պատգամավորը նախ ինքը անցած լինի այդ չափանիշներով:
Հիշեցնենք՝ վաղ առավոտից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն անհասցե ֆեյսբուքյան գրառումներ են կատարել՝ հանրությանը հայտնի դարձած գործերի հիմքով։ Առաջին գրառումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանինն էր․ «Դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ. Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների և ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն: Աջակցել, միանշանակ աջակցել»,- գրել է վարչապետը: Մեկ ժամ անց Գագիկ Ծառուկյանն է արձագանքել՝ գրելով․ «Կարծում եմ՝ ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»: Քաղաքական գործիչների գրառումները հավանաբար կապված են ավելի վաղ հայտնի դարձած դատավճռի եզրակացության հետ։