«Կինեմատոգրաֆիայի մասին» և հարակից օրենքներում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը հայտնեց, որ օրենքի հնարավոր ընդունումից հետո առաջարկ է անելու, որ այս պահին Հայաստանում գոյություն ունեցող երեք կինոկառույցները՝ Ազգային կինոկենտրոնը, «Հայք» փաստավավերագրական ֆիլմերի կինոստուդիան և «Հայֆիլմ» կինոստուդիան, Կառավարության որոշմամբ, միավորվեն ու դառնան այն ազգային մարմինը, որի մասին խոսում ենք տվյալ օրենսդրական կարգավորման մեջ:
Օրենքը բավական քննարկումների տեղիք տվեց․ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին ի պատասխան, թե արդյոք նախագծով առաջարկվող գործիքները բավարա՞ր են ոլորտում ներդրումներ բերելուն, Կոստանյանը նշեց, որ նախագիծը հույս է ներշնչում թե՛ օտարերկրյա ներդրումների առումով, թե՛ երկրում ոլորտի թռիչքաձև զարգացման տեսանկյունից:
«Իմ քայլի» պատգամավոր Միքայել Զոլյանը, ողջունելով նախագիծը հարց առաջ քաշեց՝ ո՞վ է որոշելու և ինչ սկզբունքներով՝ ֆիլմը պոռնոգրաֆի՞կ է, թե՞ ոչ, բռնություն քարոզո՞ւմ է, թե՞ ոչ։
Նա նշեց, որ ինքը կարող է համաշխարհային գլուխգործոց համարվող ֆիլմեր թվարկել, որոնք կինոարվեստից բան չհասկացողները կարող են համարել բռնություն քարոզող, և ասել, որ դրանք պետք է արգելվեն:
Ի պատասխան, Կոստանյանը նշեց, որ շարունակելու են խմբագրական աշխատանքներ անել օրենքում, թողնելու են՝ «ՀՀ-ում արգելվում է այն ֆիլմերի վարձույթը, որոնք կրում են ակնհայտ պոռնոգրաֆիկ բնույթ», որը ԵԽ կոնվենցիայի համապատասխան ձևակերպման հիման վրա է։
Նշենք, որ օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է կինեմատոգրաֆայի ոլորտի համապարփակ կարգավորման և միասնական իրավական հիմքերի սահմանման անհրաժեշտությամբ:
Նշվում է, որ մինչ օրս Հայաստանի Հանրապետությունում բացակայում է կինեմատոգրաֆիայի ոլորտը կարգավորող իրավական ակտ, որի արդյունքում մի շարք կարևոր հարաբերություններ օրենսդրական կարգավորում չեն ստացել, իսկ առկա կարգավորումները չեն ապահովում եզրույթների օգտագործման միասնականությունը: Կարգավորված չեն ֆիլմարտադրության, ֆիլմերի վարձույթի, ցուցադրման, միջազգային կինոփառատոներին մասնակցության պետական ֆինանսավորման և պետական աջակցության այլ ձևերը: Որևէ կերպ չի խրախուսվում օտարերկրյա ֆիլմերի նկարահանումը Հայաստանի Հանրապետությունում: Կինոթատրոններում և հեռուստատեսությամբ ֆիլմերի հրապարակային ցուցադրումը իրականացվում է առանց տարիքային սահմանափակումների մասին նշում անելու, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ բարոյական նորմերի և երեխաների իրավունքների պաշտպանության վրա: Կարգավորված չէ ֆիլմերի վարձույթի իրականացման հետ կապված հարցերը, ըստ որի ֆիլմերի վարձույթը կիրականացվի օրինական դաշտում և կպաշտպանվեն բոլոր հեղինակային և հարակից իրավունքները:
Միաժամանակ, օրենքով կկանոնակարգվի կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի լիազորությունները, որի համաձայն հիշյալ մարմնի գործունեությունը կկարգավորվի օրենքով