«Կինեմատոգրաֆիայի մասին» և հարակից օրենքներում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նշեց, որ կինոմատոգրաֆիան ուղղակի արվեստի ոլորտ չէ, դա ուղղակի մշակույթ չէ, այլ ուժեղ գործիք է։
Պատգամավորը հիշեց հայտնի ֆիլմերից մեկում հնչած խոսքը, որ այն, ինչի մասին ֆիլմ նկարված չէ՝ մարդիկ չգիտեն և հավելեց, որ եթե ուզում ենք հայկական մշակույթը ներկայացնել աշխարհին, ապա ավելի ուժեղ գործիք, քան ֆիլմերն են, գոյություն չունի:
Ըստ Գորգիսյանի՝ տարիներ շարունակ եղել է մի համակարգ, երբ գումարներ են ուղղվել ֆիլմերի արտադրությանը, կինեմատոգրաֆիայի զարգացմանը, բայց դրանք փակ ցիկլերով պտտվել են և արդյունք չեն տվել:
«Վերջին 30 տարիների ընթացքում մի ձեռքի մատների վրա կարելի է հաշվել այն ֆիլմերը, որոնք կարելի է նայել և վայելել»,- հայտարարեց նա՝ ընդգծելով, որ դա խնդիր է, քանի որ Հայաստանը ունի մշակույթ, աշխարհին ասելիք և մարդիկ, որոնք կարող են համաշխարհային ոլորտի արդյունք ստեղծել և նրանց պետք է տրվի հնարավորություն:
«Հուսով եմ՝ ԱԺ թեթև ձեռքով օրենքը կմտնի ուժի մեջ և մենք կսկսենք ֆիլմարտադրության նոր դարաշրջանը»,- ընդգծեց պատգամավորը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը հայտնեց, որ օրենքի վերաբերյալ գործադիրը տվել է առարկությունների և առաջարկությունների մեծ փաթեթ: Նա ընդգծեց, որ օրենքն անհրաժեշտ ու կարևոր է նախ այն պատճառով, որ Հայաստանը կկարողանա միանալ Ստեղծարար Եվրոպայի մեդիաբաղադրիչին միայն համապատասխան օրենքի առկայության դեպքում:
Սկզբունքային հարցերից Խզմալյանն առանձնացրեց ավելացված արժեքի հարկի մեղմացումը կամ վերացումը, որը, ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով, հակասում է գործադիր իշխանության քաղաքականությանը՝ չտալ առանձին ոլորտներին հարկային արտոնություններ, ինչը բարդացնում է հարկահավաքման ընթացքը և անորոշ է դարձնում հարկահավաքման հասցեականությունը:
«Օրենքը լուրջ կարիք ունի կանոնադրական բեռնաթափման. օրենքի մեջ մտել են պրոցեդուրաներ, որոնք միանգամայն կարգավորվում են այլ իրավական ակտերով, և օրենքն ընթացակարգային կանոնակարգային առումով բեռնաթափում պետք է ունենա»,- հավելեց փոխնախարարը:
«Կինեմատոգրաֆիայի մասին» օրինագծի համահեղինակ Վահագն Թևոսյանն արձագանքելով նշեց, որ կինոն այն ոլորտն է, որի մասով որևէ ամբիցիա չկա: Համատեղ աշխատել են, և եթե կան թերացումներ, ապա դրանք մինչև երկրորդ ընթերցում կշտկվեն:
Ինչ վերաբերում է հարկային արտոնությունների հետ կապված հարցին, ապա, ըստ Թևոսյանի, այդ հարցը կրկին կքննարկեն և կհասկանան՝ ինչպես կարելի է ներգրավել կինոներդրումներ և բարենպաստ միջավայր ապահովել կինոարտադրության համար:
Նշենք, որ օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է կինեմատոգրաֆայի ոլորտի համապարփակ կարգավորման և միասնական իրավական հիմքերի սահմանման անհրաժեշտությամբ:
Նշվում է, որ մինչ օրս Հայաստանի Հանրապետությունում բացակայում է կինեմատոգրաֆիայի ոլորտը կարգավորող իրավական ակտ, որի արդյունքում մի շարք կարևոր հարաբերություններ օրենսդրական կարգավորում չեն ստացել, իսկ առկա կարգավորումները չեն ապահովում եզրույթների օգտագործման միասնականությունը: Կարգավորված չեն ֆիլմարտադրության, ֆիլմերի վարձույթի, ցուցադրման, միջազգային կինոփառատոներին մասնակցության պետական ֆինանսավորման և պետական աջակցության այլ ձևերը: Որևէ կերպ չի խրախուսվում օտարերկրյա ֆիլմերի նկարահանումը Հայաստանի Հանրապետությունում: Կինոթատրոններում և հեռուստատեսությամբ ֆիլմերի հրապարակային ցուցադրումը իրականացվում է առանց տարիքային սահմանափակումների մասին նշում անելու, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ բարոյական նորմերի և երեխաների իրավունքների պաշտպանության վրա: Կարգավորված չեն ֆիլմերի վարձույթի իրականացման հետ կապված հարցերը, ըստ որոնց ֆիլմերի վարձույթը կիրականացվի օրինական դաշտում և կպաշտպանվեն բոլոր հեղինակային և հարակից իրավունքները:
Միաժամանակ, օրենքով կկանոնակարգվեն կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի լիազորությունները, համաձայն որոնց հիշյալ մարմնի գործունեությունը կկարգավորվի օրենքով։