Խորհրդարանը քննարկեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության, Գերմանիայի Դաշնության և Բենիլյուքսի երկրների կառավարությունների միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագրի կիրարկման արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։ ԱԺ նիստում այն ներկայացրեց ՀՀ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:
Նրա խոսքով՝ պայմանագրի կիրարկման համաձայնությունը ստացվել է 2020 թվականի փետրվարի 20-ին, իսկ մայիսի 19-ին ՍԴ-ն որոշել է, որ պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը։
«Համաձայնագրի շրջանակում վավերացվող արձանագրությունները նախատեսում են մի շարք պարտավորություններ երկու կողմերի համար: Արձանագրություններով սահմանվում են կողմերի իրավասու մարմինները, հետընդունման և տարանցման դիմումի ձևերը, հաղորդակցության միջոցները, երրորդ երկրների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ետընդունման համար առերևույթ ապացույցի լրացուցիչ փաստաթղթերը և այլն»,- ասաց Ղազարյանը:
Պատասխանելով պատգամավորների հարցին՝ նա նշեց, որ դրանք ավելի շատ տեխնիկական փաստաթղթեր են, կանոնակարգում են Եվրամիության անդամ երկրների և Հայաստանի միգրացիոն իշխանությունների միջև հարաբերությունները: Ինչ վերաբերում է վիզաների ազատականացման մասով ռեադմիսիոն համաձայնագրի կարևորությանը՝ Միգրացիոն ծառայության պետը նկատեց, որ այդպիսի ամրագրված նախապայման գոյություն չունի, սակայն, միևնույն ժամանակ շեշտեց. «Ակնհայտ է, որ ռեադմիսիայի համաձայնագրերի արդյունավետ կիրարկումն էական նշանակություն ունի վիզաների ազատականացման երկխոսության իմաստով»:
«Իմ քայլը» խմբակցության անդամ Անուշ Բեղլոյանը, ելույթ ունենալով Բուլղարիայի, Գերմանիայի և Բենիլյուքսի հետ ռեադմիսիայի ընթացակարգը հեշտացնելու երեք արձանագրությունների վավերացման հարցերի քննարկմանը, նշեց, որ ռեադմիսիայի մասին արձանագրությունների վավերացումն ուժի մեջ մտնելը կխթանի վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը։
Իր հերթին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը վստահություն հայտնեց, որ Հայաստանը կարող է սկսել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների գործընթացն արդեն այս տարի: Նա կոչ արեց կառավարությանը ակտիվացնել գործողություններն այդ ուղղությամբ, իսկ եվրոպական խորհրդարանական կառույցներում աշխատող իր գործընկերներին՝ իրենց եվրոպացի գործընկերներին փոխանցել այդ գործընթացը սկսելու Հայաստանի պատրաստակամությունը: