Հրեական տոնի՝ Ռոշ հա Շանայի (Նոր Տարի) նախօրեին՝ ուրբաթ՝ սեպտեմբերի 18-ին, Թել Ավիվում պաշտոնապես բացվել է Հայաստանի Հանրապետության դեսպանատունը. հաղորդում է EADaily-ն:
Բացման արարողությանը մասնակցել է Իսրայելի ԱԳՆ «Եվրասիա-2» դեպարտամենտի ղեկավար Իցհակ Կարմել-Կագանը:
Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանն իր ելույթում խորհրդանշական է համարել այն հանգամանքը, որ դեսպանատունը աշխատանքը սկսում է հրեական օրացույցով Նոր տարվա տոնին ընդառաջ:
Օգտվելով առիթից՝ նա շնորհավորել է Իսրայելի բոլոր քաղաքացիներին Ռոշ-Հաշանայի առիթով՝ Իսրայելին մաղթելով խաղաղություն և բարգավաճում, իսկ երկրի բնակիչներին՝ առողջություն և հաջողություններ:
Իցհակ Կարմել-Կագանն իր հերթին Իսրայելի անունից ողջունել է իր երկրում Հայաստանի դեսպանատան բացումը՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը կարևոր գործընթաց է, իսկ բաց ու կառուցողական երկխոսության անցկացումը թույլ կտա լուծել ցանկացած խնդիր, եթե ապագայում դրանք առաջանան:
Հիշեցնենք՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այս տարվա փետրվարին հրամանագիր էր ստորագրել Իսրայելում ՀՀ դեսպանի նստավայրը Երևանից Թել Ավիվ տեղափոխելու մասին:
Հայաստանի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են դեռևս 1992թ. ապրիլին, սակայն մշտական դեսպանությունների փոխանակում մինչ օրս չի կատարվել: 2019 թվականի սեպտեմբերին Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել դեսպանություն բացել Իսրայելում՝ Թել Ավիվում։