Հարավկովկասյան երկաթուղու շուրջ ստեղծված իրավիճակը պարզաբանվել է, կողմերը տրամադրված են հետագա արդյունավետ համագործակցության։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ ելույթ ունենալով Երևանում ռուսական կենտրոնի բացմանը։
Նշենք, որ ավելի վաղ Ռուսաստանի և Հայաստանի տրանսպորտային գերատեսչությունները հայտնել էին, որ կարգավորվել են բոլոր տարաձայնությունները «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ:
Համապատասխան արձանագրությունը ստորագրել են ՌԴ տրանսպորտի փոխնախարար, երկաթուղային տրանսպորտի դաշնային գործակալության ղեկավար Վլադիմիր Տոկարևը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը:
2019 թվականի նոյեմբերին Մոսկվան և Երևանը պայմանավորվել են ստեղծել ՀԿԵ-ի աշխատանքի բարելավման աշխատանքային խումբ։ Ռուսաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Օլեգ Բելոզերովի հետ: 2019 թվականի դեկտեմբերի վերջին մի քանի քրեական գործ է հարուցվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի նկատմամբ։
2020 թվականի փետրվարի 9-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի նոր ղեկավար է նշանակվել Ալեքսեյ Մելնիկովը, ով ավելի վաղ զբաղեցնում էր Հյուսիսկովկասյան երկաթուղու տնտեսության, ֆինանսների և կորպորատիվ համակարգման գծով պետի առաջին տեղակալի պաշտոնը:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը:
Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը կոնցեսիոն կառավարման է հանձնվել «ՀԿԵ» ՓԲԸ-ին՝ 2008թ-ին ստորագրված համաձայնագրով՝ 30 տարի ժամկետով՝ ևս 10 տարով երկարացնելու իրավունքով: