Ընկերներից մեկը երեկ ինձ համեմատել է դետոնատորի հետ, որ ինչ նախաձեռնում եմ՝ «գմփում» է։ Անդրադառնալով ԼՀԿ-ի կողմից ներկայացված հարցապնդմանը, ըստ որի պահանջվում էր ԿԳՄՍ նախարարի հրաժարականը՝ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Արայիկ Հարությունյանի հրաժարականը մենք նախաձեռնել ենք հունիս ամսին։ Այսօր մամուլում նյութեր կային, թե Նիկոլ Փաշինյանն է մեզ հորդորել այդ քայլին գնալ։ Դե ես այն մեթոդներով չեմ արձագանքում, թե ով ասել է՝ գլուխը պատին է տվել։ Մոտ իննսուն օր գրավոր պրոցեսներ ենք անցել։ Բայց այդ ընթացքում ինչ-որ չափորոշիչներ են մշակվել, ուսանողներ են բուհերից դուրս մնացել, բայց երբ մենք դիմել ենք, այս խնդիրների մի մասը չի եղել։ Երբ քննարկումների ժամանակ չեն կարողանում հոդաբաշխ պատասխան տալ, բա պետք է վիրավորեն։ Ամենքին մի վիրավորական բան ասացին»,- շեշտեց Էդմոն Մարուքյանը։
Հարցին, թե հնարավո՞ր է միանան ԲՀԿ-ին ու պահանջեն կառավարության հրաժարականը՝ Էդմոն Մարուքյանը պատասխանեց․ «Լուսավոր Հայաստանն իր օրակարգն ունի. որ օրը մենք որոշենք, որ պետք է վարչապետի հրաժարականը պահանջենք, մենք դա օդում չենք որոշելու. մենք կնախաձեռնենք իմպիչմենթ խորհրդարանում։ Ես որ պահանջեմ հրաժարական, պետք է այդ հրաժարականը տա։ Հետևաբար, եթե չեմ պահանջում, ուրեմն դրա հասունությունն ու նախադրյալները չկան»,- նշեց նա։
Անդրադառնալով իշխանությունների հայտարարություններին, թե եթե իրենք պետական մակարդակով պայքար մղեն ընդդիմության դեմ, ապա վերջինիս կլոր կնիքը մեկ ժամ հետո իրենց մոտ կլինի՝ Էդմոն Մարուքյանն ասաց, որ դա բռնատիրական ռեժիմով աշխատողին հարիր հայտարարություն է.
«Նրանք ասում են, որ կարող են բռնատիրական ռեժիմով աշխատել, բայց մեզ լավություն են անում, ու այդպես չեն վարվում։ Իսկ ո՞նց կարող են պետական ապարատը խոդ տալ որևէ ընդդիմադիր ուժի դեմ. դա ապօրինություն է։ Մարդիկ խոսում են այն մասին, որ կարող են ապօրինություն անել»։
Իշխանության ներկայացուցիչների պնդումների առնչությամբ, թե Սերժ Սարգսյանի ժամանակ Մարուքյանը գիտեր իր չափը, ԼՀ խմբակցության ղեկավարը հակադարձեց՝ այսօրվա իշխանությունները ե՞րբ են Սերժ Սարգսյանի հետ խոսել. մի անգամ տեսե՞լ եք, որ Սերժ Սարգսյանի երեսին կանգնեն մի բան ասեն. ինքը գոնե դա արել է:
«8 տարի է՝ այս շենքում եմ, բոլորի չափերը գիտեմ, թե ով իր չափը ոնց է պահել: Ես ուզում եմ ասել, որ մոտավորապես մի 20 օրից Հայաստանում ցրտերը կընկնեն և դրա համար նույնպես ընդդիմությունն է մեղավոր: Ընդդիմությունն է մեղավոր, որ կորոնավիրուսը տարածվում է, որ ներդրումները չեն գալիս»,-ասաց նա:
«2018 թվականին հայտարարվել է, որ 30 մլն դոլարի ներդրում է լինելու Վանաձորում, բոլորս ուրախացել ենք այդ մտքից։ Վարչապետն էլ գնացել է, մասնակցել է այդ գործարանի բացմանը, ու մեր պատգամավորն էլ այն օրը վարչապետին հարց տվեց, թե ի՞նչ եղավ այդ գործարանի հարցը։ Բայց պարզվում է՝ վարչապետն այդ մասին բացարձակ չի հիշում»- նշեց Մարուքյանը։
Ըստ պատգամավորի՝ որևէ սարսափելի բան չկա, որ վարչապետն այդ գործարանի և խոստացված ներդրման մասին չի հիշում, բայց երեկ Վանաձորում ասուլիս է կազմակերպվել, որպեսզի, իբր թե, ներդրումները ցույց տրվեն, բայց ողջ ընթացքում վիրավորական արտահայտություններ են հնչել ԼՀԿ-ի պատգամավորների հասցեին։
«Այս անմակարդակ պահվածքից արդեն հոգնել ենք։ Այդ գործարանում, որի մասին մենք հարց էինք բարձրացրել, սկզբում խոստացել էին 80 աշխատատեղ բացել, հետո՝ մինչև 300-400: Բայց այսօր գործարանն ունի 7 աշխատող. տնօրենին, պահակին ու հաշվապահին հանենք՝ կմնա 4 մարդ։ Հիմա խնդիր է՝ մենք էլ բարձրաձայնում ենք. ինչո՞ւ է վարչապետին պատկանող մեդիայով հակաքարոզչություն պատվիրվում։ Եվ իրենց պատկանող յութուբյան ալիքներով էլ ենք մենք երեկվանից դարձել վիրավորանքի թիրախ։ Շատ մտավորականներ ինձ ասում են, որ բան չեն ուզում խոսել, քանի որ հարձակման են ենթարկվում։ Բայց այդպես մեր բերանները չեն փակվելու. հարցեր կան, տալու ենք»,- ներկայացրեց պատգամավորը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին ԼՀ խմբակցության առաջարկը՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանը ներկայացնելու հարցապնդումը, խորհրդարանը մերժեց՝ 84 դեմ, 35 կողմ, 0 ձեռնպահ ձայներով։