Մենք ականատես ենք եղել Թուրքիայի ապակայունացնող դերին ոչ միայն մեր, այլև իր բոլոր հարևան տարածաշրջաններում: Այս մասին «ալ-Ախբար» թերթին տված հարցազրույցում նշել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Հուլիսյան մարտերի ընթացքում Թուրքիան միակ երկիրն էր, որը միակողմանի աջակցում և քաջալերում էր Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումները: Այդ աջակցությունը ուղեկցվում էր Հայաստանի և հայ ժողովուրդի հանդեպ ագրեսիվ կեցվածքով»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը:
Նրա խոսքով՝ քաջատեղյակ լինելով այլ տարածաշրջաններում Թուրքիայի նմանօրինակ գործելաոճի հետևանքներից, պետք է շատ զգոն լինել՝ պահպանելու և ամրապնդելու տարածաշրջանային խաղաղությունն ու անվտագությունը:
Անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսի, Ֆրանսիայի Սենատի և այլ երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ Թուրքիայի հայտարարություններին՝ ՀՀ ԱԳՆ շեշտել է, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը ձախողվել է.
«Հայոց ցեղասպանության ճանաչման գործում կա նոր կարևոր հարթություն, այն է՝ Թուրքիայի՝ իր հարևան տարածաշրջանների և ժողովուրդների անվտանգությանը սպառնացող քաղաքականությունը: Ոչ ոք չի ցանկանում, որպեսզի պատմությունը կրկնվի, և մենք պետք է ոչ միայն ընդունենք անցյալը, այլև կանխենք նոր ոճրագործությունների փորձերն՝ այսօր և ապագայում»:
Մեկնաբանելով Ադրբեջանի այն մեղադրանքները, որ Ռուսաստանը զինում է Հայաստանին՝ Մնացականյանը նշել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակիցներ են, և հարաբերությունները զարգանում են դաշնակցային հարաբերություններին հատուկ տրամաբանությամբ: Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը նաև Ադրբեջանի ռազմական տեխնիկայի և սպառազինության հիմնական մատակարարն է, ուստի այդ մեղադրանքներն արդարացված և անկեղծ չեն:
ՀՀ ԱԳՆ-ը պատասխանել է նաև Հայաստանի և Եգիպտոսի միջև հարաբերություններին, ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրման հարցում Հայաստանի կողմից Եգիպտոսին աջակցությանը, Ղարաբաղյան հակամարտությանը և Մերձավոր Արևելքում Հայաստանի առաջնահերթություններին վերաբերող հարցերին: