Մատենադարանում Հայաստանի վերափոխման` մինչև 2050 թվականի ռազմավարությունը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այն իրականացնելու համար ձևակերպվել է 16 մեգանպատակ:
Այս մեգանպատակներն են՝
-Կիրթ և կարողունակ քաղաքացի և ժողովուրդ – գիտելիքի, մշակույթի, գիտակցության, հմտությունների համատարած ներառական, նորարարական, հանրամատչելի զարգացման և յուրացման միջոցով ունենանք քաղաքակիրթ, ստեղծագործ, կարողունակ ու մրցունակ քաղաքացի, ում համար իրավունքների իրացումը նույնքան կարևոր է, որքան պարտականությունների և պարտավորությունների կատարումը, ով առաջին հերթին իրեն է համարում սեփական բարեկցության և առողջության պատասխանատուն։
– Պաշտպանված Հայաստան ունենալն է – պաշտպանված՝ արտաքին ազդեցություններից, ագրեսիայից, ռազմական և տեղեկատվական հարձակումներից: Այսօր մեր հանրությունը տեղեկատվական առումով շատ խոցելի է: 21-րդ դարում տեղեկատվական անվտանգությունը չպետք է անտեսել: Մենք տեսնում ենք, որ Հայաստանի նկատմամբ տարվում է տեղեկատվական պատերազմ, այդ թվում՝ Հայաստանի ներսում գտնվող հայտնի որոշակի շրջանակների կողմից:
– Արդյունավետ և հաշվետու կառավարում – պետական մարմինների գործունեությունը դարձնենք թափանցիկ, արդյունավետ, վերահսկելի և մասնակցային, ինչպես նաև կերտենք նախաձեռնող, բարեվարքության բարձրագույն նորմերին համապատասխանող, արդյունքին միտված հանրային ծառայող:
– Առողջ և ապահով քաղաքացի, ժողովուրդ – ստեղծենք անհրաժեշտ բոլոր պայմաններն՝ առողջ ապրելակերպի, առողջության պահպանման, վերականգնման և արդյունավետ աշխատանքնային գործունեության համար, ինչպես նաև ապահովենք պետության լիարժեք հոգածություն երեխաների և անաշխատունակ խմբերի համար:
– Բազմազավակ և բարեկեցիկ ընտանիք – երեք և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները դարձնենք համատարած:
– Իրավական Հայաստան – ապահովենք սահմանադրական ինստիտուտների հավասարակշռված գործունեությունը և համընդհանուր վստահելիությունը, ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը, օրենքի առաջ բոլորի հավասարութունը և այլն:
– Մշակված արտադրանքի զանգվածային արտահանում – կայացնենք բարձր ավելացված արժեքով մրցունակ վերջնական արտադրանք և զանգվածային նոր աշխատատեղեր ստեղծող մշակող արդյունաբերություն։
– Մաքուր և կանաչ Հայաստան – ապահովենք շրջակա միջավայրի համատարած պահպանությունն ու զագվածային առողջացումը, բնական պաշարների սահմանափակ ու պատասխանատու օգտագործումն ու ամբարումը՝ ի շահ ներկա ու ապագա սերունդների:
– Տարածքային խելամիտ զարգացում – շարունակաբար բարձրացնենք կյանքի որակի չափանիշները՝ յուրաքանչյուր բնակավայրի համար ապահովելով «21-րդ դարի» կենսակերպի հնարավորություն:
– Արտադրողական և պատասխանատու ֆերմերություն – կայացնենք նորարարական, արդյունավետ, բարձր ավելացված արժեք ստեղծող, կայուն զարգացող, բնական միջավայրի նկատմամբ հոգատար և էկոլոգիապես մաքուր արտադրանք ստեղծող ֆերմերություն:
– Մեծ հայրենադարձություն և ինտեգրում – ապահովենք ավելի ու ավելի մեծ թվով հայերի կապվածությունը Հայաստանի հետ, որը կարտահայտվի ՀՀ քաղաքացիություն, Հայաստանում անշարժ գույք, բիզնես ունենալով, Հայաստանում կրթություն ստանալով:
– Աշխարհի հետ կապված Հայաստան – Հայաստանը դարձնենք համաշխարհային ուղևորափոխադրումների, բեռնափոխադրումների, տվյալների կարևորագույն հանգույց, որն իրար հետ է կապում հյուսիսն ու հարավը, արևելքն ու արևմուտքը, ինչպես նաև աշխարհի հայկական համայնքները:
– Վերականգնվող և հանրամատչելի էներգիա – Ապահովենք Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու ինքնավարությունը, բնակչության և տնտեսության համար էներգիայի կայուն հասանելիությունն ու մատչելիությունը, ինչպես նաև շրջակա միջավայրի համար անվնաս լինելը։
– Գործարարների համար գրավիչ Հայաստան – Հայաստանը դարձնենք տեղական և օտարերկրյա ներդրողների համար գրավիչ և հուսալի, տնտեսական կյանքի մասնակիցների համար՝ կանխատեսելի, խաղի հավասար պայմաններ երաշխավորող և հասանելի որակյալ ծառայություններ ապահովող երկիր:
– Գիտելիքահեն Հայաստան – բազմապատկենք և հավասրակշռենք համաշխարհային պահանջարկ ունեցող ժամանակակից ապրանքների, ծառայությունների և համակարգերի արտադրության համար անհրաժեշտ բարձր տեխնոլոգիաների և նորարարությունների ուղղակի և անուղղակի առաջարկն ու պահանջարկը:
– Ճանաչված, հարգված և հյուրընկալ Հայաստան – ճանաչված, հարգված և հյուրընկալ Հայաստանի գործուն կերպար ստեղծենք, զանգվածային կերպով ներգրավենք թիրախային այցելուների, հանրահռչակենք հայկական մշակույթը, գիտական միտքը և քաղաքակրթությունը։