Պետք չէ, որ Նիկոլ Փաշինյանը սպասի՝ բողոքի ալիք բարձրանա, պետք է կամավոր հեռանա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը։
Անդրդառնալով Հայաստանի քաղաքական ներկայացուցիչների հետ հանդիման հնարավորությանը, Բալասանյանն ասաց. «Սկսած Նիկոլ Փաշինյանից, ով ցանկություն կհայտնի հանդիպել, ես սիրով կհանդիպեմ»,- նկատեց նա։
Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, ըստ որի Արցախյան խնդրի կարգավորման գործընթացում բանակցություններ չեն լինելու, Բալասանյանը վտանգավոր որակեց։
«Չի կարելի նման հայտարարություն անել: «Չի կարելի»-ն վերաբերում է և՛ Հայաստանի, և՛ Արցախի քաղաքական ղեկավարներին, որ ասում են՝ Արցախը Հայաստան է և՛ վերջ: Դա շատ վտանգավոր է: Արցախը երկրորդ հայկական հանրապետությունն է: Երբ Արցախի Հանրապետության հարցը քաղաքականապես, միջազգայնորեն կճանաչվի, խնդրեմ, Արցախում և Հայաստանում ապրող ողջ հայությունը թող որոշի՝ ունենալ մեկ Արմենիա՝ երկու հայկական հանրապետությո՞ւն, թե՞ մեկ Արմենիա՝ մեկ դրոշով»:
Բալասանյանը նկատեց՝ երբ խոսում են, անվտանգության բաղադրիչն ավելի բարձր են գերադասում, դա շատ վտանգավոր է, անվտանգության բաղադրիչը հավասար է Ղարաբաղի ինքնորոշմանը:
«Եթե չկա ինքնորոշում, չկա՛ անկախություն, չկա՛ միջազգայնորեն ճանաչված Արցախի Հանրապետություն, այսպես խոսելը ծիծաղելի է»,- ընդգծեց նա:
Հարցին՝ ինչո՞ւ են ՀՀ և Արցախի իշխանությունները միմյանց հակասում, Վիտալի Բալասանյանը պատասխանեց՝ որևէ բան հիմա չեն հակասում, և որ մեկը մյուսի կցորդն է: