«Կարծում եմ՝ լավ առիթ է, որ քննություն տեղի ունենա, և հասկանանք, թե ով է այդ անձնավորությունը, ով կարողացել է իրեն թույլ տալ ընդդեմ Հայաստանի Հանրապետության շպիոնաժով զբաղվել»,– այս մասին այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ նշել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ռուսական «Դոսյե» կենտրոնի հրապարակմանը, ըստ որի Հայաստանում իբր գործում է ռուսական գործակալների ցանց:
Լրագրողները Սիմոնյանից հետաքրքրվեցին. «Վարչապետը, երբ գործուղման էր, խոսեց Հայաստանի դեմ լրտեսության մասին. ամիսներ անցան՝ որևէ բացահայտում չեղավ: Դա Ձեզ համար տարօրինակ չէ՞ր»:
Ի պատասխան՝ ԱԺ փոխխոսնակն ասաց. «Ոչ, որովհետև նման գործակալական անձինք, համակարգեր գործում են տարիներով, ձևավորվում են ամիսներով, և ամեն օր մենք մի նոր բան ենք իմանում: Ցավալի է, բնական է, բայց հետևություններ պետք է անենք և անցնենք առաջ»:
Armenia Today-ի դիտարկմանը, թե գործակալ լինելու հարցում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի անունն է շոշափվում նաև, և Սիմոնյանը, լինելով նրա ընկերը, կասկածներ ունեցե՞լ է այդ հարցում, նա նշեց. «Ես չգիտեմ: Եկեք անընդհատ մատնացույց չանենք: Ես բազմաթիվ մարդկանց եմ երաշխավորել: Դուք էլ Ձեր կյանքի ընթացքում բազմաթիվ մարդկանց եք երաշխավորել և բազմաթիվ մարդկանց հետ դադարեցնում եք Ձեր շփումը: Մարդը պետք է ապացուցի իր՝ հեղափոխության հետ կապված հավատարմությունը»: