Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները տեղեկատվության հավաստի աղբյուր չեն, որի հիման վրա պետք է ինչ-որ հետևություններ անել։
Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին, նշել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի վարչապետը խոստացել է «լուծել ընդդիմախոսների հարցերը» և կառուցողական դիրքորոշում ցուցաբերել Արցախյան բանակցություններում։
Նրա խոսքով, Հայաստանում ղարաբաղյան կարգավորման հարցը եղել և մնում է քաղաքական քննարկումների և քաղաքական շահարկումների առարկա: Սակայն Հայաստանում չի եղել և չկա իշխանություն, որը պատրաստ կլինի համաձայնություն տալ ազգային շահերին հակասող որոշմանը, վստահ է պատգամավորը։
Մարուքյանի կարծիքով՝ նման որոշմանը համաձայնություն տված ցանկացած իշխանություն հաշված րոպեների ընթացքում կհեռացվի պետության ղեկավարի պաշտոնից։
Մարուքյանը նշել է, որ այս պահին կողմերը հեռու են հակամարտության լուծումից։ Նա վստահ է, որ միջազգային հանրության ճնշման տակ վաղ թե ուշ հակամարտության կարգավորման բանակցությունները կվերսկսվեն։
«Բանակցությունների այլընտրանքը պատերազմն է, ուստի վստահ եմ, որ բանակցությունները կվերսկսվեն։ Այլ հարց է, որ հուլիսյան իրադարձությունների լույսի ներքո այդ բանակցություններում անհրաժեշտ է անել այն, ինչ պետք է արվեր դեռ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո», – հայտարարել է նա։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ տեղեկություններ ունի, որ ղարաբաղյան հակամարտության շփման գոտում Հայաստանի զինված ուժերի կենտրոնացում է տեղի ունենում և դա համարել է Երևանի կողմից պատերազմի նախապատրաստություն: Նա բացասաբար է գնահատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա վիճակը և կարծիք հայտնել, որ դրանք իրականում դադարել են։