«Իմ քայլը» այն խմբակցությունն է, որտեղ բոլոր հարցերի շուրջ միշտ բանավեճ ծավալվում է. բացառություն չի եղել ՍԴ դատավորների հարցը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը՝ ընդգծելով, որ ասվածը թե սկզբունքների, թե կոնկրետ թեկնածուների մակարդակում է:
Պատգամավորը հերքեց տեղեկատվությունը, թե ՍԴ դատավորների ընտրության հարցում եղած տարաձայնությունների պատճառով որոշել է վայր դնել պատգամավորական մանդատը։
«Մանդատը վայր դնելու մասին լուրերը լրատվամիջոցի հորինվածքն է: Ես շատ պարզ, հստակ գիտեմ, թե որ պարագայում պատրաստ կլինեմ հետ կանգնել այն հանձնառությունից, որը ստանձնել եմ: Այդ պահը չի եկել»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով ՍԴ նոր դատավորների ընտրությանը՝ Դանիելյանն ընդգծեց, որ կարևորագույն հանգամանքն այն է, որ ՀՀ-ում ՍԴ կազմի համալրման հարցն ինքնին կարևոր է և հետաձգումը հղի է խնդիրներով։
«Ասյտեղ կարևոր հանգամանքն այն է, որ ՀՀ-ում անորոշ ժամանակով հետաձգումը հղի էր լուրջ ռիսկերով: Պետք է հաշվի առնենք համատեքստը, իսկ համատեքստն այն է, որ ՍԴ կազմը պետք է համալրվեր և համալրվեր այն սկզբունքների համաձայն, որի մասին խոսել ենք գործընթացի կողմից, այսինքն ՍԴ դատավորները պետք է համապատասխանեն 2015-ի Սահմանադրությանը և մենք անորոշ ժամանակով չէինք կարող հետաձգել այդ հարցը»:
Հարցին, թե արդյոք, օրինակ, Երվանդ Խունդկարյանին ՍԴ դատավոր ընտրելով ՍԴ-ի հանդեպ հանրային վստահությունը վերականգնվելու է՝ Համազասպ Դանիելյանն արձագանքեց. ժամանակը ցույց կտա այս ընտրության արդյունավետությունը:
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գայանե Աբրահամյանը, Հովհաննես Հովհաննիսյան, Համազասպ Դանիելյանը, Լուսինե Բադալյանը և Գոռ Գևորգյանը մտադիր են վայր դնել մանդատները՝ ՍԴ դատավորների ընտրության հարցում խմբակցության ընդհանուր դիրքորոշման հետ ունեցած անհամաձայնության պատճառով։