Քիչ առաջ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդես եկավ հայտարարությամբ, որով տեղեկացրեց, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անկուսակցական պատգամավոր Գայանե Աբրահամյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։
Ազգային ժողովի կակոնակարգի 155-րդ հոդվածի համաձայն եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով՝ հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ.իսկ եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:
Գայանե Աբրահամյանն ընտրվել է պատգամավոր «Իմ քայլի» համամասնական ցուցակով, և եթե մեկշաբաթյա ժամկետում հետ չվերցնի դիմումը, ապա նրան կփոխարինի «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակի հաջորդ համարը՝ Կարապետ Մխչյանը։