Ես չեմ կարող գուշակություն անել և ասել, թե արդյոք հոկտեմբերի 8-ին կլինի հուժկու հանրահավաք, թե՝ ոչ, որովհետև, նախ չափորոշիչները պետք է պարզել, թե ինչ է նշանակում հուժկու հանրահավաք։ Կարող է լինել 1000 հոգու հանրահավաք և լինել հուժկու և կարող է լինել 100 000 հոգի ու չլինել հուժկու հանրահավաք։ Այս մասին Armenia Today կայքի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն՝ անդրադառնալով ԲՀ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունների կողմից հրավիրված հանրահավաքին։
«Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման այս դարում շատերը հանրահավաքին հետևում են համակարգչով, երբ տարբեր լրատվականներ ուղիղ միացումներ են իրականացնում։ Այսինքն մարդկանց քանակը դեռևս չափորոշիչ չէ, քանի որ շատ հաճախ տեղի է ունենում թվերի մանիպուլյացիա, գիտենք, որ 2008-ի մարտի 1-ից առաջ՝ փետրվարին, Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքին եկել էր 100 հազարից ավելի մարդ, սակայն այդ բազմությունը դեռևս երաշխիք չէր իշխանափոխության, փոխարենը՝ 2018 թ. ապրիլի սկզբին միայն 50-60 հոգի էին հրապարակ ելել, սակայն 10 օր անց իշխանափոխություն եղավ։ Հետևաբար, դա չի նշանակում, որ ընդդիմությունը թույլ կամ ուժեղ է»։
Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործին՝ նա նշեց, որ գաղտնիք չէ, որ գործող իշխանությունները մեծապես կրկնօրինակում են նախկին իշխանությունների կողմից ընդդիմադիրների նկատմամբ իրականացվող վերաբերմունքը, երբ շատ դեպքերում ընդդիմադիրների կողմից ներկայացված օրենքները չէին ընդունվում, երբ շատ արհամարհական վերաբերմունքով էին խոսում ընդդիմության մասին, ավելին՝ մենք ծանոթ ենք քաղաքական գործիչների, ովքեր նշում էին, որ մոտակա 20 տարին Հայաստանի իշխանությունն անցնելու է Մելիք Ադամյան 2-ով, սակայն դրանից միայն 20 օր անց Մելիք Ադամյան 2-ը մնաց, սակայն կառույցը՝ որպես այդպիսին, դադարեց իշխանություն լինելուց։ Մենք տեսել ենք, որ ընդդիմադիր գործիչներին էին կալանավորում ընդդիմադիր գործողություն իրականացնելու համար, սակայն հետո բոլոր այդ կալանավորները ՄԻԵԴ-ում իրենց իրավունքները վերականգնելով՝ ազատ էին արձակվում։ Այսինքն, մենք տեսել ենք, թե ինչպես է նախորդ 30 տարիների ընթացքում իշխանությունը ընդդմության նկատմամբ գործողություն իրականացրել և, տեսնելով 2,5 տարվա ընթացքում գործող իշխանությունների գործելակերպը, բնականաբար, հանգում ենք եզրակացության, որ չի բացառվում, որ սա քաղաքական գործընթաց է։ Ի վերջո, եթե ԲՀԿ-ին մեղադրում են ընտրակաշառք բաժանելու մեջ՝ հարց է առաջանում, իսկ Հայաստանում չկա՞ր այլ կուսակցություն, որը ընտրակաշառք էր բաժանում։ Հարցրեք ընտրակաշառք վերցրած քաղաքացիներին և կտեսնեք, որ նրանք այլ կուսակցության անուն կտան, որը կուբամետրերով է փող բաժանել, բայց, չգիտես ինչու, այդ կուսակցությանը և նրա ղեկավարին մեղադրանք չի առաջադրվում։ Սա չի նշանակում, որ ԲՀԿ-ն ընտրակաշառք չի բաժանել, սա նշանակում է, որ եթե եղել է հանցագորություն, ապա բոլորը պետք է պատասխան տան։ Եթե եղել է ենթադրյալ հանցագործություն մի քանի ուժերի կողմից՝ միայն մեկն է պատասխան տալիս, ապա սա քաղաքական ենթատեքստ ունի»,- ասաց նա։
Հարցին, թե արդյոք առկա է վարչապետի հրաժարականի և ԱԺ-ի լուծարման հասարակական պահանջ՝ նա պատասխանեց, որ այդ հարցին ավելի ստույգ կարող էին պատասխանել սոցիոլոգիական կառույցները, սակայն Հայաստանում սոցիոլագիական հարցումների փոխարեն զարգացած է սոցիոնկարչությունը և այդ սոցիոնկարչությունը թույլ չի տալիս այդ հարցին ճշգրիտ պատասխանել։ «Այդուհանդերձ, այո՛, կա՛ դժգոհություն իշխանությունների նկատմամբ և այդ դժգոհույթունը մեծանում է և արտահայտվում է տարբեր գործողություններով։ Մասնավորապես, 2019-ին Աբովյանում տեղի ունեցած ընտրություններով, որտեղ վարչապետին սատարած թեկնածուն չընտրվեց, փոխարենն ընտրվեց այն թեկնածուն, որին անուղղակիորեն պաշտպանում էր ԲՀԿ-ի թեկնածուն. սա իշխող քաղաքական ուժի նկատմամբ դժգոհության արտահայտելու ձևերից մեկն է։ Մյուս կողմից էլ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը վատ է, և մենք տեսնում ենք, որ տնտեսության որոշ ճյուղեր մահացած են, մասնավորապես՝ տուրիզմի հետ կապ ունեցող ճյուղերը. մենք տեսնում ենք, որ մի ռեկտոր չեն կարողանում ընտրել, մենք տեսնում ենք Ամուլսարի հարցը, որ չի հանգուցալուծվում, ներկրողների և խաղողագործների բողոքի ակցիաները, այսինքն մենք տեսնում ենք, որ շատ տեղերում իշխանություններից դժգոհություն կա, սակայն թվային պատկերը ներկայացնելու համար հիմք է պետք, հետևաբար՝ այո՛, արտահերթ խորհրդարանական ընտրություններ պահանջողներ կան. քանի՞ տոկոսն են՝ չգիտեմ»։