Իրենց որոշման համար պատասխան են տալու։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ԱԱԾ շենքի դիմաց հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
«Սա քաղաքական պատվեր է։ Իրենց որոշման համար պատասխան են տալու։ Սուտ խոսելով, ժողովրդին խաբելով՝ թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական. Ղարաբաղի հարցով էլ նոր նայեցի, որ բոլորն ասում են՝ ժողովրդից թաքցնելու բան չունեն, բայց ժողովրդի հետևից են սաղ անում։ Կարճ ժամանակում ամեն ինչ իր տեղն է գալու, և այս պատվեր կատարողները պատասխան են տալու։ Իրենք ապրում են այս երկրում, իրենց երեխաներն ապրում են այս երկրում»,- նշեց ԲՀԿ առաջնորդը։
Ծառուկյանը հայտնեց, որ կալանավորման պատճառը քրեական գործին իր կողմից խոչընդոտելու ռիսկն է. «Իմանալով այս անօրինական որոշումը՝ դատարան էլ չեմ գնացել. ուղիղ այստեղ եմ եկել։ Թող մարդիկ մտածեն իրենց անօրինական որոշման համար»։
Հիշեցնենք, որ քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ Ծառուկյանին կալանավորելու որոշում կայացրեց։